03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

Աղանդավորական էքսպանսիա, փոքրացող Հայաստան…

1B17A6B5-9D1A-4506-BD4A-735FFF710E42

Մինչ երկու-երեք օր առաջ խորհում էի դիտարկած որոշ երևույթների և օրինաչափությունների մասին, յուրաքանչյուր հաջորդ օրվա լրահոսը նորանոր մանրամասնություններով էր լրացնում այդ մտորումները:

Խոսքն, իհարկե, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու կամ ծրագրում տարրալուծելու, մայրենիի դասաժամերը կրճատելու և նմանօրինակ այլ դրսևորումների մասին է, որոնցով այս օրերին աչքի ընկավ Փաշինյանի իշխանությունը:

Ինքս ավելիին էի սպասում. ասենք, Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանում արգելելուն, եկեղեցիները պայթեցնելուն, հոգևորականներին գնդակահարելու կամ սիբիրներ աքսորելու, հայերենի դասավանդումը դպրոցներում արգելելու, «Հայոց պատմություն» առարկան չեղյալ հայտարարելու քայլերի, օրինակ:

Բնականաբար, «սպասում էի» ոչ այն պատճառով, որ ինքս նման ակնկալիք ունեմ: Ոչ իհարկե: Այլ այն պարզ պատճառով, որ իշխանության եկած նեոբոլշևիկներից, նրանց պահանջներ ներկայացնող օտար ֆինսնուցմամբ էմիսարներից ոչ մի դրական բան չեմ սպասում, ավելին՝ ինչ ապազգային քայլ ասես, սպասելի եմ համարում:

«Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան, դասագրքերով հանդերձ, իհարկե, նկատելի բարելավման տեղ ու կարիք ունի: Բայց հարցը դա չէ, քանզի նոր իշխանավորների նպատակը բարելավումը չէ, այլ արմատախիլ անելը, զուգահեռաբար՝ Հայ Առաքելական եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելը: Թեպետ Հայ Առաքելական եկեղեցուն դա հարվածում է զուտ բարոյահոգեբանական առումով: Շատ ավելի լուրջ և կոնկրետ հարվածի թիրախը հայ երեխաներն են, աճող սերունդը: Հարվածի նպատակը նրանց իրենց ազգային ինքնության կարևոր մի արմատաճյուղից անտեղյակությամբ կտրելն է ու, հանրագումարում՝ մանկուրտացնելը:

Մայրենիի դասավանդումն էլ, իհարկե, բարելավման տեղ ու կարիք ունի: Բայց ախր դա՛ չէ դասաժամերի կրճատման նպատակը: Բուն նպատակը, դժվար չէ կռահել, դպրոցական ծրագրերում սեռաշեղվածության և այլասերման քարոզչության համար «տեղ ազատելն» է:

Որպես լրագրող, դեռ 20-25 տարի առաջ, մի տևական շրջան հետևել եմ Հայաստանում տարատեսակ նման աղանդների բնավորմանը, ապաև՝ շոշափուկների աստիճանական տարածմանը: Ուշադրության կենտրոնում հիմնականում տոտալիտար աղանդներն էին (դրանց շարքում այն ժամանակ փորձագետները դասում էին «Եհովայի վկաներին», մորմոններին, հասկանալի է՝ սատանայապաշտներին և էլի մի քանի, բավականին հայտնի ու Հայաստանում տարածվածների): Իսկ այսպես կոչված՝ «ավետարանչական» բնույթի կազմավորումներին ոչ միայն հատուկ ուշադրություն չէր դարձվում, այլև անուղղակի, երբեմն էլ ուղղակի տարածվում էր այն մտայնությունը, թե դրանք Հայ Առաքելական եկեղեցուն, այսպես ասենք՝ ուղեկից կազմավորումներ են:

Այն, որ վտանգները կարող են քողարկվել ժպտադեմ դիմակի ետևում, շատերը ձևացնում էին, թե՝ չգիտեն:

Հաջորդած ժամանակահատվածում, հատկապես՝ 2000-ականների առաջին տասնամյակի կեսերից, ու 2010-ականներին թե «Եհովայի վկաները», թե կրոնական ենթատեքստով այլ կազմավորումներ «կանաչ լույս» ստացան, օրինականացվեցին, սկսեցին էլ ավելի ազատ ու անկաշկանդ քարոզել իրենց «ուսմունքները», ազատ-անկաշկանդ «եկեղեցիներ» բացեցին մայրաքաղաքի տարբեր նկատելի վայրերում, որոշներն անգամ ճոխ համալիրներ կառուցեցին:
Ոչ մեկին, այդ թվում ազգային անվտանգության պաշտպանությանը կոչված պետական կառույցներին դա առանձնապես չէր հուզում կարծես: Ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում, թե աշխարհի վերջին սպասելու և նախքան այդ մաքրագործվելու ձևական քարոզներով հանդես եկող զանազան «հովիվներին» ու իրենց «եկեղեցիներին» որտեղի՞ց նման շռայլ միջոցներ ու գումարներ, որոնցով նման շենք-շինություններ են կառուցում կամ գնում, անգամ՝ Երևանի գերթանկարժեք հատվածներում: Ոչ մեկին առանձնապես չէր հուզում, թե ովքե՞ր, ի՞նչ շրջանակներ են ֆինանսավորում այդ կազմակերպություններին, որոնցից որոշները հանդես էին գալիս ակնհայտ հակապետական գաղափարներով (պետականության ժխտում, պետական խորհրդաննիշների հանդեպ արհամարհանք, զինվորական ծառայության ու զենքի մերժում, նաև՝ Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ թշնամանքի և ատելության քարոզ):

Ասենք, ո՞ւմ հետաքրքրեց, թե ինչու սնանկացավ երկրի խոշոր վերամշակող մասնավոր ձեռնարկություններից մեկը: Ոչ մեկին չհետաքրքրեցին տեղեկություններն ու շշուկները, որ այդ սննկացած սեփականատերը ինչ-որ աղանդի հետևորդ էր: Իսկ այդ «կրոնական կազմակերպությունն» էլ մայրաքաղաքում բավականին խոշոր «եկեղեցի» էր կառուցել դրանից ոչ շատ առաջ: Ավելին, «հեղափոխությունից» անմիջապես հետո նույն կազմակերպությունը «միջազգային հավաք» էր կազմակերպել իր «եկեղեցու» հարկի տակ:

Առհասարակ, վերջին 20-25 տարիները Հայաստանում աղանդավորական էքսպանսիայի շրջան կարելի է համարել:

Բայց ո՞ւմ է դա հետաքրքիր, չէ՞: Ի վերջո, Հայաստանը մի՞թե թշնամիներով է շրջապատված: Չէ՞ որ Հայաստանի բոլոր հարևան երկրները միմիայն խաղաղություն ու մեր ժողովրդի լավն են ուզում: Չէ՞ որ ոչ պատերազմ կա, ոչ էլ սպառնալիք, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ ինչ-որ տեղ՝ Ավստրալիայի մատույցներում են կամ, չգիտեմ, ասենք, Պերուի կողմերը: Մի՞թե այդպես չէ: Իրո՞ք:

Ի դեպ, «տոտալիտար աղանդներին» բնորոշ մի քանի նրբերանգներ: Նման կազմավորումներում «հովիվը» համարյա նախնադարյան քրմապետն է: Այն իմաստով, որ նրա ասածը օրենք է բոլոր ադեպտների համար, ենթակա է անվերապահ կատարման: Աղանդապետից կամ «հովվից» հոգեբանական, իսկ հայկական տարբերակում նաև հաճախ նյութական կախվածության մեջ գտնվող հետևորդները այլ տարբերակ էլ չունեն. որևէ «սխալ» շարժում կամ նույնիսկ հարց կարող է հանգեցնել «համայնքից» դուրս թողնելուն: Իսկ քանի որ շատերը ընտանյոք են ներգրավվում, սովորաբար, կարող է նաև ընտանիքի քայքայման, անհատի մերժվածության պատճառ դառնալ:
Մի փոքր այլ է պատկերը մեծահարուստ կամ ունևոր ադեպտների դեպքում: Ցանկացած նման կրոնական կազմավորում որևէ նոր «դաշտում» իր «հովվությունն» սկսում է այն բանից, որ ձգտում է իր շարքերը ներգրավել տարածքի քիչ թե շատ նկատելի դեմքերին, հատկապես ունևորներին: Ուամենևին պարտադիր չէ, որ ուղղակիորեն նրանց ներգրավի, թիրախի դերում են հայտնվում նրանց մերձավորները, ազգականները (քույր, եղբայր, նրանց զավակները): Դժվարը մեկին կամ երկուսին ներքաշելն է: Դրանից հետո «հովիվների» ճոխ մեքենաներն են հայտնվում, շքեղ կառույցները…
Նման կազմավորումների հետևորդներին նույնիսկ ակնհայտ իրողություններ ներկայացնելը, եթե դա հակասում է իրենց «ուսմունքին» անիմաստ զբաղմունք է և ժամանակի կորուստ: Նրանց ուղեղները բավականին հղկված տեխնոլոգիայով լվացված, պարզաջրված են, նրանց ներշնչված է հստակ «կաղապար-ծրագիր», որից այն կողմ այլևս ոչինչ չկա, չի ընդունվում: Որևէ տրամաբանական փաստարկ, որևէ բանական դատողություն, որ «հովվի» ասածին չի համընկնում, ինքնաբերաբար մերժվում է: Այնպես, որ կարծես դիմացինդ ուղղակի անհաղորդ քարե պատ է…

Հիմա, երբ հետահայաց դիտարկում ես 2018-ի «թավշյա» իշխանափոխությունը, կամ ինչպես գնահատում են տարբեր մեկնաբաններ՝ «անարյուն հեղաշրջումը», ուշադրություն են գրավում ոչ միայն շարփյան տեխնոլոգիաները, որ լայնորեն կիրառվեցին, այլև որոշակի երևույթներ, որոնք ավելի շատ բնորոշ են կրոնական ենթատեքստով այդ կազմավորումներին, պարզ ասած՝ աղանդներին: Օրինակ, «ծիսական» շարժումները, ձայնարկումները, «հովվական» «ճշմարտություններին» անվերապահ հետևելը, մոլեռանդությունը…
Բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր: Հիմա արդեն անգամ վարչապետի կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն է «հովիվների» ցիտում ու գովազդում իր ֆեյսբուքյան էջում, ինչի՜ մասին է խոսքը…

Այսօր տարբեր հայրենակիցներ վրդովվում ու բորբոքվում են, որ «Հայ եկեղեցու պատմությունն» է, առանց հանրային ու մասնագիտական լուրջ քննարկման, հանվում դպրոցական ծրագրից, մայրենիի դասաժամերն են նվազեցվում…

Սակայն դա օրինաչափ է, որքան էլ վրդովեցուցիչ լինի: Դա ընդամենը բաղկացուցիչ մասը կամ լրացուցիչ հետևանքն է այն բանի, ինչը իրավործվեց երկու տարի առաջ: Չի կարելի ասել, որ դա «աղանդավորական» իշխանափոխություն էր: Բայց որ աղանդավորական որոշակի կազմակերպություններ այդ ամենի ընդգծված շահառու են, կարծում եմ, ակնհայտ է: Ինչպես ակնհայտ և օրինաչափ է, որ իշխանափոխությունից: անմիջապես հետո լայնածավալ հարձակում սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու և կաթողիկոսի վրա, կարելի է ասել՝ պետական նորիշխանավորների ցուցադրական անհաղորդության պայմաններում, որ հարձակվողներին խրախուսել էր նշանակում այս դեպքում:

… Աղանդավորական էքսպանսիան ծավալվել է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը փոքրացել է, կծկվել: Նույնիսկ այն 1/10-ի վրա, որտեղ ծվարել ենք, ավելի ենք կծկվել-սեղմվել: Մեզ՝ հայերիս մեր երկրում, մեր հողի վրա վեր են ածում «ազգային ու կրոնական փոքրամասնության»: Եթե արդեն չեն հասել այդ նպատակին, Առնվազն մոտ են: Շատ մոտ:

 Արմեն Հակոբյան  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ