19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի հերոսի հետ կապված շուտով կլինեն բոլորովին այլ զարգացումներ՝ «մոտ օրերս ձայնը կլսվի»

Երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Արցախի հերոս, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող մի հրապարակում, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել  և այն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարին Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկնաբանություն ծառայությունը չի կարող անել Բալասանյանի վերաբերյալ։ Մեր ճշտող հարցին՝ ՀՔԾ-ն նրան բերման ենթարկելու որոշում արդյո՞ք կայացրել է, Օհանջանյանը պատասխանեց.

«Այդ հարցը ՀՔԾ-ն չի մեկնաբանում»։

168.am-ին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում ավարտվե՞լ է Վիտալի Բալասանյանի հարցազրույցի ուսումնասիրությունն ու դրա վերաբերյալ կա՞ կայացված որոշում, ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին.

«Թեև Վիտալի Բալասանյանի կողմից տրված հարցազրույցն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ուսումնասիրության, սակայն դրա արդյունքների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող տալ. դա կարող է անել ուսումնասիրությունը նախաձեռնած մարմինը՝ Գլխավոր դատախազությունը»։

Մեր դիտարկմանը, այսինքն՝ ուսումնասիրությունը կատարվում է Ազգային անվտանգության ծառայությունում, բայց դրա ավարտվելու կամ դրա հիման վրա կայացված որոշման մասին պետք է պատասխանի դատախազությո՞ւնը, ԱԱԾ մամուլի կենտրոնից կրկնեցին. «Այո՛, դատախազությունից ճշտեք»։

Դատախազությունից էլ ճշտել չստացվեց, որովհետև հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հարցի հասցեատերը Ազգային անվտանգության ծառայությունն է»։

Այդպես էլ անհայտ մնաց՝ արդյոք ՀՀ իրավապահ մարմինները կայացրե՞լ են Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու կամ այլ որոշում, եթե՝ այո, ապա, ինչպե՞ս է դա հնարավոր։ Անհայտ են մնում նաև ԱԱԾ ուղարկված աղմկահարույց հարցազրույցի հետևանքները։

Թեև պատկան մարմիններից որևէ մեկը հստակ պատասխան մեր հարցերին չտվեց, այնուամենայնիվ նշենք, որ, ըստ 168.am-ի հավաստի տեղեկությունների՝ առայժմ Վիտալի Բսլասանյանին բերման ենթարկելու որոշում կայացված չէ։ Իսկ ըստ որոշ աղբյուրների էլ՝ ՀՀ իշխանությունների կողմից Բալասանյանի հետ կապված շուտով  կլինեն բոլորովին այլ զարգացումներ, որոնք արդեն ընթացքի մեջ են։ Ինչպես ասաց մեր  աղբյուրը՝ «մոտ օրերս ձայնը կլսվի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ