19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն Աշոտյան

armen

Նախորդ շաբաթ մենք զրուցել էինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին «հայտնությանը» ՀՀԿ դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը, որտեղ նա որոշ մտքեր էր արտահայտել։ Օրինակ՝ ասել էր, թե ինքը երբեք իր որոշումը չի փոխում։ Աշոտյանը մեզ հետ զրույցում համոզիչ չբացատրեց, թե ինչպես է վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին հայտարարած, հետո այդ հայտարարությունից հրաժարված Սերժ Սարգսյանը համարվում որոշում չփոխող։ ՀՀԿ փոխնախագահը ստիպված հարվածն իր վրա էր վերցրել՝ ընդունելով մեղքը, որ նաեւ ինքն է համոզել Սարգսյանին, որ նա անփոխարինելի է, վերջինս էլ որոշել էր փոխել իր որոշումն ու չհավակնելով հանդերձ, երրորդ անգամ հավակնել երկրի ղեկին։ Մենք ներկայացրել էինք հարցազրույցի առաջին մասը, այժմ ներկայացնում ենք երկրորդը։

– Պարոն Աշոտյան, փաստորեն, այդ Դո՞ւք էիք, որ Սերժ Սարգսյանին համոզում էիք, թե ինքն անփոխարինելի է, եւ, ըստ էության, Դուք Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնեցրիք՝ նա փոխարինվեց։

 

– Գիտե՞ք, փոխարինելի եւ անփոխարինելի եզրույթների շուրջ կարելի է երկար եւ առանձին վիճել․ չկա անփոխարինելի մարդ՝ բառի ֆիզիկական իմաստով, բայց կա անփոխարինելի քաղաքական կերպար, հատկապես ղեկավար՝ ճանապարհ անցած, որը, այնուհանդերձ, անփոխարինելի է իր ֆունկցիոնալությամբ, ոչ թե իր դեմքով։ Եվ այսօրվա վիճակը, երբ որ Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերներն ահագնանում են ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ արցախյան հակամարտության կարգավորման, ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, ցավոք սրտի, վկայում են, որ այս ժամանակահատվածում՝ 2018-2019, որտեղ կանխատեսելի էին այս գեոպոլիտիկ շարժերը, կանխատեսելի էին արցախյան բանակցությունների շուրջ Հայաստանի պարանոցի վրա օղակ դնելու եւ սեղմելու վտանգները, Սերժ Սարգսյանն անփոխարինելի կարող էր լինել։ Եվ եթե նա մնար, այսպես չէր լինի ո՛չ բանակցային գործընթացը, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների վիճակը, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունն այն քաղաքական մարտահրավերներին, որ այսօր երկու պետություններն ունեն։ Հետեւաբար, երբ որ ասում ենք՝ անփոխարինելի էր, ոչ՝ փոխարինելի էր, ցանկացածին ցանկացածով կարելի է փոխարինել, իսկ գործառնակա՞ն իմաստով։

– Գործառնական իմաստով մենք այս պահին դեռ հստակ վտանգներ չենք տեսնում ո՛չ Արցախի մասով, ո՛չ մյուս հարցերում, դրանք դեռեւս հիպոթետիկ վտանգներ են, մյուս կողմից՝ եթե Սերժ Սարգսյանը մնար եւս 5 տարի, մենք գուցե ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացում չունենայինք, անվճար բուժօգնություն չունենայինք, ձեր օլիգարխների քանդած ճանապարհների նորոգում չունենայինք։

– Տեսեք, Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմքում տրամաբանության մեջ ընկած է եղել գալիք բարդ ժամանակահատվածներում անվտանգային մարտահրավերները չեզոքացնելու իր լավագույն կարողությունների գործածումը երկու հայկական պետությունների համար։ Նա Ղարաբաղի խաթր է դրել, Ղարաբաղի խնդրի խաթր է առաջադրվել։ Եվ էսօրվա վիճակը, որ ասում եք՝ տեսանելի չի, շատ տեսանելի է։ Երբ որ ցունամի է բարձրանում, ու Դուք դղրդոցը զգում եք ու հեռվից ալիքը տեսնում եք, անպայման չի՝ էդ ալիքը գա բակ, կներեք բառիս համար, Ձեզ Ձեր բնակարանում չափալախի, որ Դուք ասեք՝ վտանգը եկել է։ Ասում եք՝ վտանգ չկա՞, ո՞նց չկա։ Առաջին անգամ բանակցային գործընթացի պատմության մեջ Հայաստանը մնացել է մենմենակ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում։ ՀՀ նոր իշխանությունների ոչ մի նախաձեռնություն սատարման չի արժանացել համանախագահների կողմից։ Ավելին, անգամ ռազմավարական դաշնակցի հետ բանակցությունները փակուղի մտնելու թեզը հաստատելու համար ԱԳ նախարարը բերում է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը։ Բանակցային գործընթացում չի հիշատակվում այլեւս ե՛ւ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ե՛ւ այս իշխանությունների հանրային ելույթներում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Պիտի անպայման, Աստված մի արասցե, ադրբեջանական հրթի՞ռ պայթի Հանրապետության հրապարակում, որ նոր հասկանանք․․․

– Բայց պայթեց, հենց ձեր իշխանության օրոք՝ 2016-ի ապրիլին՝ իր ծանր հետեւանքներով։

– Ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում։ Եթե ուզում էիք ապրիլյան պատերազմ չլիներ, զիջեիք բանակցային գործընթացում, համաձայնեիք ադրբեջանցիների հետ, եւ պատերազմ չի լինի։ Հիմա էլ դա կարելի է անել։ Բայց արդյոք դա՞ է հայ ազգի գոյատեւման բանաձեւը՝ համաձայնել ադրբեջանցիների հետ՝ վախենալով պատերազմից։

– Պարոն Աշոտյան, մեզ տարիներ շարունակ կերակրել են «Ղարաբաղի խաթր» ձեւակերպումներով, թեզերով, որի արդյունքում կերակրողները կշտացել են, իսկ ժողովուրդը մնացել է սոված։

– Շատ հուզիչ ձեւակերպում տվեցիք՝ ժողովրդի սոցիալական վիճակն իրականում ծանր է եղել, այսօր էլ չի բարելավվել․ ֆիքսենք սա։ Իսկ Ղարաբաղի թեզով՝ այո, մենք ունենք այդ խնդիրը։ Այդ խնդրի տակ վերջին 30 տարվա մեջ ով ինչ ձեռք է տաքացրել, Աստված ու Հայաստանի, հուսով եմ, մի օր անկախ դատավորները թող լինեն իրեն դատավոր։ Բայց երբ որ մի ատամը կարիես է լինում, փչանում է, չեն ասում՝ ամբողջ ատամնաշարը փոխիր։ Եղե՞լ են հիվանդ ատամներ, այո, եղել են։ Եղել են մարդիկ, որոնք այս ընթացքում ձեռքեր են տաքացրել, այո։ Բայց դա չի կրել համակարգային բնույթ։

– Եվ Դուք չեք կտրել այդ տաքացրած ձեռքերը։

– Էդ տաքացրած ձեռքերի ու փչացած ատամների մի մասը կա՛մ լոյալ է այլեւս Փաշինյանին, կա՛մ աջակցել է Փաշինյանին, առայսօր էլ աջակցում է, եթե Դուք այդպես եք կարծում։ Բա եթե ձեռքը վատն էր, ինչո՞ւ եք տարել կպցրել քո մարմնի վրա։

– Ի դեպ, Սերժ Սարգսյանը խոստացել է խոսել մոտ ապագայում։ Հայտնի՞ է, թե ինչ ձեւաչափով է խոսելու, էլի հավաքելու է իր յուրային լրատվամիջոցներին եւ ասի իր նախընտրած տեքստը՝ իր ցանկացած խմբագրմա՞մբ, ինչպես միշտ է եղել, թե՞ ավելի բաց ձեւաչափ է ընտրելու, ինչպես հարիր է նոր Հայաստանին։

– Լոկ ժամանակի սղության պատճառով ես կշրջանցեմ այն կշտամբանքները, որոնք Դուք փաթեթավորեցիք Ձեր հարցում, եւ կանցնեմ բուն բովանդակությանը։ Կշտամբանքներդ տեղին չէին։ Էդ ինչո՞ւ չեք բողոքել, որ Նիկոլ Փաշինյանը գնում՝ էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս «Սիվիլնեթին» եւ «Ազատությանը», դրանք իր յուրայի՞ն ԶԼՄ-ներն են․․․

– Նիկոլ Փաշինյանը նաեւ պարբերաբար ասուլիսներ է տալիս բոլոր ԶԼՄ-ների համար։

– Կոմունիկացիոն մշակույթի փոփոխություն է տեղի ունեցել, ակնհայտ է, եւ այդ փոփոխությունից անմասն չի մնացել նաեւ Սերժ Սարգսյանը։ Իսկ կոնկրետ ժամկետի եւ ձեւաչափի հետ կապված՝ պետք է ասեմ, որ վերջնական որոշում չկա։ Բայց ձեւաչափը կլինի մաքսիմալ հասանելի, ժամկետները կլինեն մաքսիմալ իրատեսական։ Սերժ Սարգսյանը մշտապես պատրաստ է խոսել։ Արդյոք հասարակությունը լիարժեք պատրա՞ստ է իրեն լսելու։

– Հասարակությունը պատրաստ էր իրեն հեռացնելու եւ հեռացրեց, ուրիշ ի՞նչ լսի։

– Բա, եթե հեռացրեց, էս մեկուկես տարի է՝ ինչո՞ւ է հասարակությունը ԶԼՄ-ների շուրթերով ասում, թե երբ է նա խոսելու։

– Ուզում ենք իմանալ՝ ի վերջո, ինչո՞վ էր Սերժը սխալ, եւ ինչո՞վ էր Նիկոլը ճիշտ, եւ նա երբեւէ իր որեւէ սխալ կարո՞ղ է ընդունել, թե՞ ոչ։

– Միանշանակ, Սերժ Սարգսյանն այն աստիճանի ուժեղ քաղաքական գործիչ ու տղամարդ է, որ կարող է ընդունել իր սխալը եւ ընդունել է բազմիցս։

– Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն։ Ի՞նչ եք կարծում, անարդա՞ր չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մերժելով եկավ իշխանության, բայց այսօր նա ազատության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները՝ ձերբակալված։ Մեղքի զգացում չունի՞ Սերժ Սարգսյանն այդ հարցում։

– Տեսե՛ք, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Ռոբերտ Քոչարյանի բանաձեւած «կոնսենսուս+1»-ի կայացումը։ Դա գործարկելու համար օգտագործում են նաեւ այդ՝ խելագարության կանխավարկածին մոտ թեզերը, որ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, որ էս ամեն ինչը պրոյեկտ է եւ այլն․․․․ չի հաջողվելու։

– Հիմա անարդա՞ր է, թե՞ ոչ։

– Անարդար է Ռոբերտ Քոչարյանի նստելը՝ որպես փաստ։

– Իսկ արդա՞ր է Սերժ Սարգսյանի չնստելը։

– Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» մազաչափ կամ աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր, մի կասկածեք։ Բայց անարդար է Ռոբերտ Քոչարյանի նստելը՝ անկախ ամեն ինչից։ Եթե Դուք կարծում եք՝ մի անարդարություն կարելի է բուժել մեկ այլ անարդարությամբ, ապա թողնում եմ Ձեր խղճին անարդարությունների փոխհարաբերությունների կանոնը բանաձեւելը։

Վահե Մակարյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ