15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան

E90762AC-8275-4638-BF70-A8C1B2F9B115

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայ ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
 
Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ  պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:
 
– Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ,  քրեական գործը հարուցելու  որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը:  Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ  5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա`  «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:  Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը  պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

–  Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում եւս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

– Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք  արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

–  Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

– Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է:

– Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

– Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետեւապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ եւ  քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, եւ, միաժամանակ, թեեւ ձեւականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

– Որոշումը բողոքարկելու համար անձը պետք է քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնից ստանա այդ որոշումը, այնպես չէ՞:

– Նկատի ունենալով, որ մեր քրեական արդարադատության արդի փուլում ամեն ինչ հրապարակայնացվում է`նաեւ պաշտոնական հաղորդագրություններով: Բացի այդ` քրեական գործ հարուցելու մասին որոշման տեքստը  հրապարակվել է մամուլում, հետեւաբար կարող է բողոքարկվել:

Ասում եք` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չունենք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, բայց մեր Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենքները, իսկ այս դեպքում ավելի բարձր իրավաբանակն ուժ ունեցողը Կոնվենցիան է, որի մեկնաբանությունը Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով հստակ սահմանել է: Հետեւաբար, անկախ նրանից մեր օրենքով նման իրավունք գրված է, թե ոչ, նկատի ունենալով, որ Կոնվենցիայով նման հնարավորություն վերապահված է` կարող է բողոքարկվել:

– Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

–  Միանշանակ: Կոնվենցիայի ուժով` նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

–  Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել` ապա նման պայմաններում առաջին ատյանի որեւէ դատարանի դատավոր  կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

– Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ եւ մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է  բախտը չբերել ու  գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձեւակերպել, վնգստում է պատերի տակ:

– Մենք ունենք «Խելացի» համակարգիչներ, որոնք իրականացնում են բաշխումը:

– Գործերը վերաբաշխվում են սահմանված կարգով եւ այդ անձի անունը համակարգիչ է, ես դա գիտեմ: Արդյունքում, այո, գործը կարող է մակագրվել մի դատավորի, որը, օրինակ, ես վստահ չեմ, բայց հիմա ընդունված է ձեւակերպել եւ պետականորեն հայտարարել, կարող է վնգստացող լինել, իսկ նման պայմաններում արդարադատություն ակնկալել խելագարություն է: Բոլոր դեպքերում, կարծում եմ, պետք է բողոքարկվի, որովհետեւ այս գործը, անկախ իր ելքից, Եվոպական դատարանում քննվելու է վաղ թե ուշ եւ ընդամենը որպես ներպետական միջոցի սպառման եղանակ, թեկուզ ձեւականորեն պետք է դա բողոքարկել: Ես հիմա որպես Եվրոպական դատարանում 14 տարի պետության շահերը ներկայացրած անձ` ստորագրում եմ, որ երբ այս գործը հայտնվի ՄԻԵԴ-ում` դիտվելու է, առնվազն,  Կոնվանցիայի 6-րդ հոդվածի խախտում:
 

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ