19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Հրաժարական տալու ժամանակն է, քանի դեռ պետական բյուջեն ամբողջությամբ չի ծառայել վարչապետին ու ընտանիքին

41125_nikol_M

Թե՛ մամուլը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը բազմիցս քննադատել է պաշտոնյաներին՝ անիմաստ ու շքեղ ծախսերի համար։ 30 տոկոս աղքատություն, երկնիշ թվով գործազրկություն ունեցող երկրում նման շռայլությունն անթույլատրելի է։ Մանավանդ անթույլատրելի է, երբ հայտարարել ես, որ դու ժողովրդի ծոցից ես դուրս եկել, ժողովրդի մի մասնիկն ես։ Բայց ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում, գրում է yerevan.today-ը՝ ներկայացնելով փաստեր միջազգային փորձից, թե ինչ ճակատագիր են ունեցել պետական միջոցները սեփական ընտանիքի բարեկեցությանը ծառայեցրած ղեկավարները. 

«2018 թվականի մայիսին վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն անմիջապես տեղափոխվեց կառավարական ամառանոցներում բնակություն հաստատելու։ Դա ներկայացրեց որպես բացառապես ժողովրդի համար արվող քայլ՝ չեմ ուզում, ժողովուրդ ջան, բայց եթե չգնամ, պետք է հավելյալ միջոցներ պետությունը ծախսի անվտանգության համար, իսկ այնտեղ հենց դրա համար պատրաստի համակարգ կա։ Այդ ժամանակ տեղափոխվեց նախկին վարչապետերից մեկի առանձնատուն՝ չմոռանալով նշել և մատնացույց անել, թե ինչ կարիք կա պետության հաշվին ընդանհրապես նման տներով ապահովելը պաշտոնյաներին։ Նա ասաց, որ անգամ վարչապետի այդ տունն ավելի է քան կարիքը կա։

Ի՞նչ ունենք դրանից 1,4 տարի անց․ Ունենք պետության ղեկավար որը տեղափոխվում է նույն տարածքում գտնվող, ենթադրվում է՝ առավել ճոխ առանձնատուն և դա էլ հերիք չէ, որոշում է բյուջեյի հաշվին մի 2 մլն դոլարով էլ վերանորոգել այն։ Որոշները կհարցնեն՝ բա հո հին տան մեջ չէ՞ր ապրելու։ Բայց չէ՞ որ նույն ժողովրդի վարչապետի գնահատականն էր, որ այդ տներն առավել ճոխ են, քան կարիքը կա։ Այդ դեպքում ի՞նչու պետք է տեղափոխվել այլ ավելի ճոխ դղյակ։ Կամ մեկ այլ հարց նույնպես առաջանում է, իսկ նույն տանն ապրած Սերժ Սարգսյանի մտքով ինչո՞ւ չէր անցնում վերանորոգել այն, ինչո՞ւ էր ապրում նման «խղճուկ» պայմաններում։ Հաշվի առնելով որ խոսքը 2 միլիոն դոլարանոց վերանորոգման մասին է, հասկանում ենք, որ աշխատանքները կոսմետիկ բնույթի չեն, այլ հիմնովին, իրենց ամեն ինչով։ Ավելին, այդ տեսակ գումարով հնարավոր է զրոյից կառուցել, վերանորոգել, կահավորել շատ ճոխ առանձնատուն։

Սա դեռ բոլորը չէ․ Հաջորդ շքեղությունը 500 հազար դոլարից ավելի արժեքով մեքենայի գնումն էր, այն էլ, ասում են՝ 2 հատ։ Սա այն դեպքում, երբ իրեն սպասարկող մեքենան գտնվում է անթերի վիճակում։

Սրան գումարենք մեկ թռիչքը Գյումրուց Լոս Անջելես և վերադարձը Զվարթնոց օդանավակայան, որն արժեցել է ավելի քան 700 հազար դոլար։ Այն դեպքում, երբ վարչապետը պաշտոնավարման առաջին օրերին էկոնոմ դասով թռչելու լուսանկար էր հրապարակում, ժողովուրդն էլ հրճվում էր, ամոթանք տալիս նախկիններին։

Հիմա մենք ինչպե՞ս հասկանանք գլխավոր հերոսի գործողությունները, եթե մինչ այս խոստացել էր կոպեկ-կոպեկ խնամքով ծախսել մեր փողերը։

Այժմ բերենք օրինակներ, երբ աշխարհի ժողովրդավար երկրները, իհարկե՝ ոչ մեզ պես «ժողովրդավարության բաստիոն», որոնք թավշյա հեղափոխություն չեն արել, ինչպե՞ս են լուծել խնդիրը, երբ հայտնվել են նման իրավիճակներում՝ տարբեր ռանգի պաշտոնյաների հետ կապված։

1․ 2015 թվականին հրաժարական տվեց Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Բրոնուին Բիշոփը։ Հանրությունը սկսեց բողոքել՝ իմանալով, որ նա մեկ տարի առաջ 80 կմ տարածք ուղղաթիռով անցնելու համար 3600 դոլար է ծախսել։ Պարզվեց նաև, որ բյուջեի գումարով հարսանիք է գնացել։ Նրա մտքով անգամ չանցավ հայտարարել, որ եթե չգնար, ուղղաթիռը կփչանար, քանի որ թռչելու սովորություն ունի։

2․ Ընդամենը 9 ամիս պաշտոնավարելուց հետո 2019թ․ հուլիսին Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռուգին հրաժարական տվեց։ Պարզվեց, որ նա երբ ԱԺ խոսնակն էր, 2017-ի հոկտեմբերից մինչև 2018-ի հունիսը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել էր գալա-ընթրիքներ:

3․ 2015թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն, քանի որ քաղաքապետարանի վարկային քարտով ընտանյոք հանդերձ ռեստորան էր գնացել։

4․ 2016թ․ հունիսին Տոկիոյի նահանգապետ Յոչի Մասուզոեն հրաժարական տվեց, քանի որ ծառայողական մեքենան օգտագործել էր անձնական նպատակով, իսկ ընտանիքը բյուջեի հաշվին մեկնել էր ճամփորդության։ Քաղաքապետի կնոջ մտքով չանցավ հայտարարել, թե գնացել է ճամփորդության, որ ամուսնու կարոտն առնի, քանի որ զբաղված են ու չեն հանդիպում։

5․ 2017թ․ հունվարին հրաժարական տվեց Ավստրալիայի առողջապահության եւ սպորտի նախարար Սյուզան Լին, երբ պարզվեց, որ ծառայողական գործուղման ժամանակ զբաղվել է հանգստավայրում անշարժ գույք որոնելով:

6․ 2018թ․ մարտին հրաժարական տվեց Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը։ Նա բարեգործական ՀԿ քարտով 26 000 դոլարի հագուստ էր գնել։

7․ 2014թ․ մարտին Հռոմի պապը պաշտոնանկ արեց եպիսկոպոս Ֆրանց Փիթեր Տեբարց վան Էլստիին՝ նստավայրը 31 մլն եվրոյով կահավորելու համար:

8․ 2014թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին, որը 2009-2011թթ․ իր կողմնակիցների կազմակերպությունների միջոցները շպարի և քաղաքականության հետ կապ չունեցող իրերի վրա էր ծախսել։

9․ 2018թ․ նոյեմբերին աշխատանքից ազատման դիմում գրեց ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցով ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը, երբ նրան մեղադրեցին պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ անչափ շատ ծախսեր անելու մեջ։

10․ 2019թ․ օգոստոսի 8-ին հրաժարական տվեց Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին, քանի որ ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում անհիմն գտնվել էին նրա ընտանիքի անդամները։ Նա, ՀՀ վարչապետի տիկնոջ նմանությամբ հայտարարել էր, թե հանցանք չի գործել, քանի որ ինքնաթիռը մեկ է՝ դատարկ գնում էր։ Այնուամենայնիվ, հրաժարական տվեց։

Դեպքերը շատ են։ Ու բոլոր պարագաներում սկանդալ է հասնունանում անգամ ամենափոքր շռայլ ծախսի ու վատնումի համար։ Ժողովուրդը համարում է, որ իրեն հիմարացրել են ու չի հանդուրժում, պաշտոնյան էլ ներողություն է խնդրում, ափսոսանք հայտնում ու հրաժարական տալիս՝ մի դեպքում հայտարարելով, որ չի ուզում ստվերել իր կուսակցության հեղինակությունը, մեկ այլ դեպքում՝ կառավարությանը և պետական ինստիտուտները։ Ընդ որում, չեն սպասում, մինչև վերադասը պաշտոնանկ անի, այլ հաճախ հեռանում են ինքնակամ։ Դանիայի պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը, օրինակ, երբ տարիներ առաջ մեկ այլ պաշտոնում պետական ռեսուրսները շռայլորեն ծախսելու համար 2015թ․ սեպտեմբերի 29-ին հրաժարական տվեց, ասաց, որ անցյալի այդ դրվագները իրեն թույլ չի տալիս օգուտ բերել նախարարի պաշտոնում։

Այժմ այս պաշտոնյաներից բազմապատիկ անգամներ շռայլում են ՀՀ վարչապետն ու ընտանիքը։ Բայց կարծես դա իրենց համար սովորական բան դարձած լինի, հիմարի տեղ են դնում այն հասարակությանը, որն իրենց այդքան չարչրկված լեգիտիմ պիտակն է նվիրաբերել։ Իսկ լեգիտիմությունն այլ ժողովրդավար պետություններում, ինչպես տեսնում ենք, չի փրկում հրաժարականից։ Ի՞նչ կապ ունի թե քանի ընտրող է քեզ ձայն տվել։ Տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի։

Եվ ուրեմն պետք է, չէ՞, ասել, որ հրաժարական տալու ժամանակն է, քանի դեռ պետական բյուջեն ամբողջությամբ չի ծառայել վարչապետին ու ընտանիքին»։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ