20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք: Ինչպես գոյատևման կենսափիլիսոփայությամբ առաջնորդվողի, այնպես էլ ստրկամիտի արժեհամակարգում առաջին տեղում է ցանկացած իրականություն՝ որպես ճակատագիր, որպես դատապարտվածություն ընդունելը:Նա զուրկ է ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունից, թեև կարող է ունենալ ժամանակակից մարդուն բնորոշ ատրիբուտներ, օրինակ, լինել դիպլոմավորված, լավատեղյակ ժամանակակից գիտության ու արվեստի նվաճումներին, իրազեկված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ չունենալ սեփական տեսակետ: Ստրկամիտը չունի իր «Ես»-ը, դիմազուրկ է, համակերպվող և հաճկատար, զուրկ սեփական արժանապատվության զգացումից, ազատությանն անընտել է, գնահատում ու հասկանում է բռնակալականը:Վերջին հաշվով, այն ժողովուրդը, որը չունի ազգային պետության զարգացման ռազմավարություն, նրա համար գերնպատակ է դառնում գոյատևելը, այլ ոչ թե արժանապատիվ կյանքի համար պայքարելը: Իսկ գոյատևել նշանակում է՝ պայքարել գոյություն ունենալու, իր տեսակը պահպանելու, այլ ոչ թե մարդավայել կյանքով ապրելու համար: Գոյատևման գիտակցության վրա հիմնված կենսափիլիսոփայությունը արդարացնում է տառապանքը, իսկ արժանապատիվ կյանքը առնչվում է հատուցման գաղափարին։ Հայ ազգային գիտակցության մեջ գոյատևման կենսափիլիսոփայության ձևավորմանը մեծապես նպաստել է քրիստոնեական հարացույցը, որը, սկսած հինգերորդ դարից, գոյատևումը վերածել է ազգային կենսաձևի: Ընդհանուր առմամբ հայ ազգային հոգեբանությանն ու մտածելակերպին բնորոշ է ծայրահեղությունների միտված խառնվածք՝ ստրկամտությունից մինչև ազատատենչություն, այլասիրությունից մինչև եսապաշտություն, ամբոխային վարքագծից մինչև անձնազոհություն: Ազգային մտախառնվածքին ներհատուկ հակասական գծերի ակնհայտ դրսևորումներից է, օրինակ, օրհասական, ճակատագրական պահերին բռունցքվելը, անձնուրաց, միակամ-միաբանված կանգնելը վտանգի դեմ, բայց ահա խաղաղ ժամանակ համազգային-համապետական շահի գիտակցությունը իր տեղը սկսում է զիջել անձնական կամ խմբակային շահերին, և «Ես»-ը գերադասվում է «Մենք»-ից, գոյատևումը՝ արժանապատիվ ապրելուց:
©️Արմեն Հովասափյան

Հ.Գ.Ընդհանուր առմամբ հայ ազգային հոգեբանությանն ու մտածելակերպին բնորոշ է ծայրահեղությունների միտված խառնվածք՝ ստրկամտությունից մինչև ազատատենչություն, այլասիրությունից մինչև եսապաշտություն, ամբոխային վարքագծից մինչև անձնազոհություն: Ազգային մտախառնվածքին ներհատուկ հակասական գծերի ակնհայտ դրսևորումներից է, օրինակ, օրհասական, ճակատագրական պահերին բռունցքվելը, անձնուրաց, միակամ-միաբանված կանգնելը վտանգի դեմ, բայց ահա խաղաղ ժամանակ համազգային-համապետական շահի գիտակցությունը իր տեղը սկսում է զիջել անձնական կամ խմբակային շահերին, և «Ես»-ը գերադասվում է «Մենք»-ից, գոյատևումը՝ արժանապատիվ ապրելուց»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ