27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Ինչպես կապ պահել Աստծու հետ

God-speaks-1024x685

«Որտեղ հավատ չկա, այնտեղ հոգի չկա, իսկ որտեղ հոգի չկա, այնտեղ կենդանություն գոյություն չունի, ապա ուրեմն բոլոր անհավատները մեռած են և նրանց մեջ հոգի չկա: 

(Ընդհանրական Քրիստոնեական Վարդապետներ)
Այս խոսքը ես վերցրել եմ Ընդհանրական Քրիստոնեական Վարդապետներից․ շատ խորիմաստ մտքեր են, մտքեր, որոնք մեզ մտածել են տալիս հավատի, նրա արտահայտությունների, հոգու, անհավատության ու նրանից բխող հոգեկան վիճակների մասին։

Եվ բնականաբար հարցեր են առաջանում, թե՝ «Ի՞նչ է հավատը, կա՞ն անձեր, որոնք չեն հավատում, չհավատացողը հոգի ունի՞, եթե չունի` կյանք կա՞, թե՞ ոչ, իսկ եթե անհավատները հոգի չունեն՝ կենդանի՞ են, թե՞՝ մեռած և այլ նմանատիպ հարցեր»։

ա․ «Ի՞նչ է հավատը» հարցմանը Պողոս Առաքյալը Եբրայեցիներին ուղղած իր թղթում ասում է․ «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր․11։1): Եթե հավատը հուսացված բաների հաստատումն է և ապացույցը այն բաների, որոնք չեն երևում, ուրեմն այնտեղ, ուր հավատ չկա, չտեսնված բաները կարող ենք հոգով հասկանալ։

Այնպես, ինչպես պիտի ասեր Քրիստոս Սամարացի կնոջը․ «Կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Հոգի է Աստված, և նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ․ 4։23-24)։ Ուրեմն ըստ Հիսուսի Աստված հոգի է և միայն կարելի է հոգով Նրան պաշտել։ Ծննդոց գրքում կարդում ենք․ «Տեր Աստված մարդուն ստեղծեց հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ․ 2։7): Այդ կենդանության շունչը՝ Աստված իբրև հոգի դրեց մարդու մեջ։

բ․ Մեր կապը Աստծու հետ հոգով կապված լինելու վիճակն է, ըստ այնմ այնտեղ ուր որ վստահություն չկա, հավատ չկա, նշանակում է հոգի չկա, իսկ մեզ կենդանի պահողը մեր հոգին է, հոգին, որը մարդուց է դուրս գալիս և հոգի է դառնում։ Դրա համար էլ այնտեղ ուր հոգի չկա, այնտեղ կյանք գոյություն չունի։ Եթե կյանք գոյություն չունի նշանակում է այն մեռած է։ Երբեմն վատ մարդկանց մասին այսպիսի ժխտական արտահայտությունների ենք հանդիպում․ «Այս մարդու մեջ հոգին մեռած է», կամ «Այս ինչ անհավատ մարդ է»։

գ․ Ուստի անհավատները մեռած են, թեև կարող են ֆիզիկապես ապրել, բայց հոգեպես մեռած են։ Եվ որովհետև մեռած են, ուրեմն նրանց մեջ բնական է, որ հոգի չկա, այն հոգին, որով Աստծուն կարող են ճանաչել, այն հոգին, որն Աստծու հետ կապի մեջ պիտի լինի և այն հոգին, որն Աստծու հետ սիրո կապի մեջ է։

Իմ կարծիքով անհավատ մարդիկ չկան, բայց կան մարդիկ, որոնք դառնում են դրամի երկրպագու և նյութի գերի։ Մտածենք մեր հոգու փրկության մասին, քանի որ նյութը, դրամը, հարստությունը ժամանակավոր են և զուրկ որևէ արժեքից։

Մի վանահայր վանքում ուներ տասը վանական: Նրանցից մեկը շատ անհոգ էր և իր փրկության համար ոչ մի ջանք չէր թափում: Վանահայրը, հաճախ այցելելով նրան, խնդրում էր• «Եղբայր, աշխատիր հոգուդ փրկության համար, որովհետև եթե մահանաս, այդ ապրելակերպիդ պատճառով հավիտենական տառապանքներից չես խուսափի»: Սակայն եղբայրը միշտ անհնազանդություն էր ցուցաբերում և չէր լսում վանահորը: Եվ մի օր էլ հանկարծամահ է լինում:

Վանահայրը շատ է տխրում նրա համար։ Վշտից աղոթելով նա ասում է• «Տեր Հիսուս Քրիստոս, ցույց տուր ինձ եղբոր հոգին»: Եվ այսպես երկար ժամեր աղոթելով սպասում է Հիսուսի պատասխանին: Մի անգամ աղոթքի ժամանակ տեսիլքով՝ կես արթուն կես քուն վիճակում տեսնում է մի կրակե գետ, որի մեջ բազմաթիվ մարդիկ կային, որոնք կրակից այրվելով տառապալից տնքում էին: Այդ մարդկանց մեջտեղում նա տեսնում է իր վանականին, որը մինչև վիզը խրված էր կրակների մեջ: Վանահայրն ասում է նրան․ «Օհ, եղբայր և որդի, մի՞թե չէի աղաչում, որ մտածեիր հոգուդ մասին, որպեսզի չընկնեիր այս տառապանք-ների մեջ»: Եղբայրը պատասխանում է, «Փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ քո աղոթքներով գոնե գլուխս կրակից դուրս է մնացել» (Հայրերի Վարքից):

Մաքրենք մեր հոգիները աղոթքով, որպեսզի բացվեն մեր հոգու աչքերը: Մի օր ուզենք կամ չուզենք պատասխան ենք տալու մեր երկրային կյանքի համար: Չզրկենք մեզ երկրային բարիքները վայելելուց, բայց չմոռանանք դրանց Ստեղծողին՝ Գերագույն Ծնողին՝ Աստծուն: Այս ձևով մեր հոգիները փրկած կլինենք հավիտենական կրակների մեջ այրվելուց: Տեսա՞ք, թե ի՞նչ եղավ այն վանականի հետ, որը անհոգ ու ծույլ կյանք վարեց: Հերթը մերն է, ձերն է, նրանցն է, ովքեր նույն կյանքով կապրեն:

Աղոթքով սնենք մեր հոգին։ Հոգևոր սննդի ստացման որակն ու քանակը կախված է միմիայն մեզանից, թե ինչքանո՞վ մենք անկեղծ, անկողմնակալ, անմիջական ու խոր հավատով ենք դիմում Արարչին։

«Անհավատ մի եղիր, այլ՝ հավատացյալ» (Հովհ․20։27), Հիսուսի խրատն է ուղղված Թովմաս առաքյալին և նրա միջոցով՝ բոլորիս։ Աստծու հետ կապը կարող ենք հաստատուն պահել, միմիայն հավատով, սիրով ու աղոթքով։ Փորձենք այն մնայուն կամրջի վերածել, ի փառս Աստծու։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ