16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

l-IfBtFePgvp

Տեսակների` թուլակամության եւ կամքի, պատասխանատվությունից «փախնելու» եւ պատասխանատվության, թուլամտության եւ բանիմացության, թուլության եւ ուժի, պոպուլիզմի եւ պրագմատիզմի, հողեր հանձնողների եւ ազատագրողների անհաշտ պայքարում ինքնակոչ «իշխանությունը» հերթական պյուռոսյան «հաղթանակն» արձանագրեց։

Նիկոլի գրպանային դատարանը՝ ալամ աշխարհի «ամենաարդար» դատավորի (անունն էլ չեմ ուզում տալ) «նախագահությամբ», ինչպես եւ սպասվում էր, ապօրինաբար բեկանեց Արցախի նախագահների միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կամայականորեն կասեցրեց «Մարտի 1-ի» գործով մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կիրառելու սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու «վերդիկտը»։

Ասել, որ իշխանության կամակատար դատավորից այլ որոշում ակնկալելը միամտություն կլիներ, նշանակում է ոչինչ չասել։

Ինչպե՞ս է պատահել, որ ամեն քայլափոխի ինքն իրեն հակասող, ձեռնոցի պես տեսակետներ փոխող Փաշինյանն այս մի հարցում աննախադեպ սկզբունքային` «երկաթյա դիրքորոշում» ունի, ծայրաստիճան համառ է եւ հետեւողական։ Այս հարցի սպառիչ պատասխանը տվեց ինքը Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում։

Արցախից վտանգ են զգում` փորձում են «վնասազերծել» դիմադրության հնարավոր օջախները

Տեսակի հարց է` ասաց նա. «Պատերազմում հաղթած մարդկանց տեսակն իրենց հասկանալի չէ, եւ փորձում են իրենցից հեռու պահել այդ մարդկանց, հեռու պահել ամեն ինչից։ Սա դասական դասալիքի բարդույթի արտահայտություն է. դու անցել ես հերոսական այդ էջերի կողքով կամ չես նկատել, կամ այդ հերոսական պատմությունը քեզ հետ առնչություն չի ունեցել։ Եվ, իհարկե, մարդիկ բարդույթավորված են, փորձում են նվաստացնել յուրաքանչյուրին, ով այդ տեսակին է պատկանում` չի դասալքել, չի փախել, զենքը ձեռքին պայքարել է երկրի, Արցախի անկախության համար։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է։

Իրենք Արցախից վտանգ են զգում` բնազդով են զգում, որովհետեւ հասկանում են` Արցախում այդ տեսակի մարդիկ են իշխանության, իրենց տեսակին չեն բռնում, չեն «խոսում», եւ պետք է նրանցից ազատվել։ Բայց այդ տեսակից ազատվել` նշանակում է ուղղակի քայքայել Ղարաբաղի անվտանգությունը, որովհետեւ այդ անվտանգությունը խարսխված է ա՛յդ տեսակի վրա»։

Վախկոտն ինչ իմանա` խիզախությունն ինչ է, արձանագրում է հանրապետության երկրորդ նախագահը. «Խիզախ մարդու ճակատին է գրված, որ ինքը դուխով է, ոչ թե գլխարկին։ Եթե փողոցում տեսնեք մեկին` գլխարկին գրած` ես խելոք եմ, ի՞նչ կմտածեք այդ մարդու մասին։ Ես կմտածեմ, որ այդ մարդը ապուշ է»։

Այդ առումով տրամաբանական է, որ «գլխարկային դուխովության» ասպետները պիտի փորձեն ոչնչացնել, արմատախիլ անել սեփական կենսագրությամբ, ապրած կյանքով, փորձառությամբ «դուխով» լինելն ապացուցած`տնաբույծ «դուխովների» չունեցած «արժեհամակարգին» խորթ, պայքարող, շանտաժին եւ սպառնալիքներին տեղի չտվող, ըստ այդմ` «վտանգավոր» այդ տեսակը։ «Այո՛, սա նաեւ տեսակի հարց է։ Կարծես՝ ընտրովի (հետապնդում են) բոլոր այն մարդկանց, որոնք որոշիչ դեր են խաղացել այս պատերազմում, որոնց շնորհիվ ունենք այն իրավիճակը, որ ունենք պատերազմի արդյունքում։ Ոնց որ թե ալերգիա ունեն խիզա՛խ, ո՛չ անտարբեր, իրենց կարծիքին ամուր կպած մարդկանցից»,-նշեց երկրորդ նախագահը` չբացառելով, որ այդ հետապնդումների հետեւում, բացի քայլարածների «վախերից», կա նաեւ Արցախը հնարավորինս թուլացնելու, որպես հակամարտության չեզոքացնելու հարցում շահագրգիռ «արտաքին ուժերի» ազդեցությունը։

Վկա՝ Ադրբեջանից հնչող առավել քան երբեւէ լավատեսական, «կառուցողական» հայտարարությունները մոտ ապագայում ադրբեջանական պապենական հողերը «օկուպացիոն ուժերից» ազատագրված տեսնելու վերաբերյալ։

Ինչպե՞ս կարելի է բանակցել` չիմանալով՝ ինչի շուրջ ես բանակցում

Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում` ինչպես կարելի է նստել բանակցությունների սեղանին եւ արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե ինչի շուրջ ես բանակցում։

Շատ ավելի մտահոգիչ է, որ Հայաստանի ներկայիս ոչ բարով «ղեկավարը» կոպտորեն, անգամ` ցուցադրաբար, աշխարհին ի տես, միջամտում է Արցախի ներքին գործերին. «Մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ Ղարաբաղը անկախ է, եւ եթե նույնիսկ լիարժեք չի մասնակցում բանակցություններին նախագահների ձեւաչափով, մեկ է`որեւէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին առանց ղարաբաղցիների մասնակցության. իրենք պետք է ընդունեն այդ որոշումը, որովհետեւ իրենք են այդ որոշման իրականացնողն իրենց տարածքում։

Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին։ Ես Ղարաբաղի նախագահն էի`երբեք թույլ չէի տա, եւ ինքն էլ իրեն երբեք թույլ չի տվել միջամտել Ղարաբաղի ներքին գործերին։ Ինքս, Հայաստանի նախագահը լինելով, երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքաղաքական հարցերին Արկադի Ղուկասյանի ժամանակ, վստահ եմ` Սերժ Սարգսյանը նույնպես երբեք չի միջամտել Բակո Սահակյանի ժամանակ։ Միջամտել`կնշանակեր իջեցնել Ղարաբաղի կարգավիճակը, ցույց տալ Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից։ Երբ դու շեշտում ես, որ Ղարաբաղը ինքնուրույն է` չճանաչված, բայց անկախ պետություն է, ինքդ որեւէ կերպ չպետք է կասկածի տակ դնես այդ կարգավիճակը»։

Այսօր այդ տրամաբանությունը չի աշխատում. «Այն, ինչ անում է այս իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը եւ ինքնուրույնությունը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել Ղարաբաղին մարդկանց ազատել ինչ-որ պաշտոններից` միայն ինչ-որ հայտարարությունների համար։ Ի լուր աշխարհի, նաեւ Մինսկի խմբի համանախագահների, ցույց տալ, որ Հայաստանն այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա։ Երբեք մեզանից ոչ մեկը նման բան չի արել, չի էլ փորձել ունենալ նման ազդեցություն»։

Բանը հասել է նրան, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրապարակավ սպառնում է Ղարաբաղում հեղափոխություն անել։ Սա լրջագույն մարտահրավեր է, որի հետեւանքները կարող են աղետալի լինել հայկական կողմի համար` համոզված է երկրորդ նախագահը. «Վտանգ կա, որ վաղը մի առաջարկ են տալու եւ ասելու են` դու ունես այդ ազդեցությունը, գնա՛ եւ պարտադրի՛ ղարաբաղցիներին, որ ընդունեն դա։ Սա 25-30 տարվա ընթացքում ձեւավորված ֆորմատի նկատմամբ կասկածներ է առաջացնում, մեծ պետությունների մոտ նոր մոտիվացիա է առաջացնում Ղարաբաղի հարցը լուծել` Հայաստանին ճնշելով»։

Այսքանից հետո քանի՞ գրոշ արժեն Արցախը բանակցային սեղանի մոտ վերադարձնելու վերաբերյալ «դուխով» հայտարարությունները` դատեք ինքներդ։

Արցախում «դավադիր ուժեր» փնտրողներին ի գիտություն

Ռոբերտ Քոչարյանը վստահ է. «Նման բան կարող է ասել միայն նա, ով չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել, ով չի պատկերացնում`ինչ նշանակություն ունեն այդ տարածքները ԼՂ անվտանգության համար։ Ղարաբաղցիները, որոնք ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով, զավակներով, ունեցվածքով, ամեն ինչով, կարող են հրահրել պատերազմ, տարածքներ հանձնել`միայն նրա համար, որ այստեղ իշխանությունը որոշակի դիսկոմֆո՞րտ զգա։ Նույնիսկ դժվարանում ես քեզ դնել այդ մարդու տեղը եւ հասկանալ` ինչու են այդպիսի մտքեր առաջանում, ինչ խորքերից են գալիս, ինչ մոտիվացիաներով են մարդկանց գլխում նման մտքեր ծագում… Կան հարցեր, որտեղ դժվար է նորմատիվային լեքսիկայի մեջ մնալով` ասել այն, ինչ ուզում ես ասել։ Եվ սա այդ հարցերից մեկն է»։

Ղարաբաղը Արցախյան ազատամարտի հերոսներից «պաշտպանելու» այդ մոլուցքը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան առաջին հայացքից կարող է թվալ. «Ազգ-Բանակ գաղափարը շատ մոտ է այն վիճակին, որ այսօր կա Ղարաբաղում։ Ղարաբաղի բոլոր տղամարդիկ մարտական ճանապարհ են անցել։ Երբ ես ՊՊԿ նախագահն էի, բանակից ազատվելու «բրոնյա» ունեցել է ընդամենը 450 մարդ։ Բոլոր տղամարդիկ մոբիլիզացված էին եւ կռվում էին։ Այսօր, երբ սահմաններում անհանգիստ է լինում, զինկոմիսարիատների կոչով միանգամից բոլորը հավաքվում են, գնում, կանգնում 18-19 տարեկան զինվորների կողքին։ Արցախում ոչ մեկը չի համարում, որ դա ճիշտ չէ`հպարտությամբ ընդունում են, որ դա իրենց առաքելությունն է։

Ըստ էության, Հայաստանը իր արեւելյան սահմանում ունի այդպիսի մի միավոր, որտեղ ազգ-բանակ գաղափարը կյանքի է կոչված։ Մարդիկ այդպես են մտածում, որովհետեւ մեծամասնության տեսակն է այդպիսին։ Այդ տեսակը ջարդել, փոխել եւ մտածել, թե դրանով անձնական ինչ-որ հարց ես լուծում, որովհետեւ անձնական վտանգ ես տեսնում այնտեղից, ու գերադասել դա այն առավելությունից, որ այդ տեսակը տալիս է քո երկրին, առնվազն հանցավոր ճանապարհ է»։

Քայլարածների ճամբարից ձայներ են լսվում, թե` ինչո՞ւ պիտի մեր զավակները ծառայեն Ղարաբաղում։

Ռոբերտ Քոչարյանը կասկած չունի` Արցախի սահմանները պաշտպանող զինվորները ծառայում են նախ եւ առաջ Հայաստանին։ Ժամանակն է հասկանալ, որ Ղարաբաղը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է՝ առանց որի Հայաստանը էապես ավելի թույլ եւ խոցելի է արտաքին սպառնալիքների առջեւ։

Հարցերի հարցը հետեւյալն է` Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է, թե՞ հնարավորություն. «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի… Ես տեսնում եմ, որ այսօրվա իշխանությունները այդպես են մտածում` համարում են, որ Ղարաբաղը բեռ է։ Եթե մտածում ես, որ ինչ-որ բան քեզ համար բեռ է, ոչ թե արժեք, ենթագիտակցաբար մտածում ես` ոնց այդ բեռից ազատվել»։ Սա վերադարձ է 90-ականների ակունքներին. «Առաջին նախագահը ճիշտ այդպես էր մտածում` որ Ղարաբաղը բեռ է»։

Ինքը երկրորդ նախագահը՝ իր տասնամյա կառավարման փորձառությամբ, հերքեց ՀՀՇ-ական այդ մտակաղապարը, ապացուցեց, որ Հայաստանը կարող է զարգանալ` չզիջելով այն, ինչ ձեռք է բերվել բազմաթիվ զրկանքների, հազարավոր հայորդիների արյան գնով։ Եվ ինչքան շուտ ազատվենք «աչքից էլ, աչքացավից էլ ազատվելու» պարտվողական մոտեցումից, մեզ հաշիվ տանք, որ «Հայաստանը առանց Ղարաբաղի` իր 29 հազար ք.կմ-ով, առանձնապես բնական հարստություններ, հանածոներ չունենալով, մի տարածք է, որը հանգիստ կարելի է շրջանցել ե՛ւ Արեւելքից, ե՛ւ Արեւմուտքից։ Բայց Հայաստանը Ղարաբաղի հետ լուրջ խաղացող է տարածաշրջանում», այնքան լավ։

Խնդիրն այն է, թե ինչպես ենք տեսնում մեր դերակատարությունը տարածաշրջանում, ի՞նչ ենք ուզում. հանգիստ նստել տեղնե՞րս` մեր 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա եւ դառնալ Թուրքիայի «ֆիլիա՞լը», թե՞ ուզում ենք այս տարածաշրջանում լուրջ դերակատար լինել. «Առանց Ղարաբաղի այդ դերակատարը դու երբեք չես լինելու։ Նույնիսկ տեղդ չեն իմանալու, մոռանալու են, որ դու ընդհանրապես կաս»։

Իսրայելը Իսրայել չէր դառնա, եթե չլիներ պաղեստինյան թնջուկը. «Բարդ, հակասություններով լի տարածաշրջանում Իսրայելը կարողացավ ի անհամաչափ դերակատարություն ստանձնել, եւ այսօր ունի այն, ինչ ունի։ Մե՛նք էլ կարող ենք, եթե հավատանք` Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ մեծ արժեք է։ Եթե վախկոտ չես, եթե «դուխով» ոչ թե գլխարկիդ, այլ ճակատիդ է գրված`արժեք է, որը պետք է արժանապատվությամբ կրես եւ հասնես չափազանց լուրջ նպատակների»,-ընդգծում է հանրապետության երկրորդ նախագահը։

Այն հարցում, որ անմեղսունակ «թավշյա գեներալների» համար Ղարաբաղը ոչ միայն «բեռ» է, այլեւ սպառնալիք, որ օր առաջ պետք է չեզոքացնել, երկու կարծիք չի կարող լինել։

Այստեղից էլ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ թքել Արցախի նախագահների «միջնորդության» վրա` ի կատար ածելով Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետեւում տեսնելու ադրբեջանական «մեծ երազանքը»։

Եվ սա հենց այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ավելորդ են…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ