21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Եթե Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը Մասիս սարի գագաթից ասի՝ հիշում ու պահանջում է, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան

57585094_456473435088958_3520936639331303424_n

«Ես այսօրվա խորհուրդը համարում եմ այն, որ մենք պետք է լինենք ուժեղ, խելացի, ճկուն, որպեսզի ոչ միայն նման բան թույլ չտանք, այլև մեր հայրենիքից այլևս երբեք ոչինչ չկորցնենք: Սա պետք է լինի մեր օրվա խորհուրդը»: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք չպետք է նայենք՝ Էդրողանն ինչ ասաց, աշխարհը ճանաչեց, թե չճանաչեց: Այստեղ չեմ գալիս ինչ-որ բան ցույց տալու, պահանջելու կամ ապացուցելու համար: Ապացուցելու լավագույն ձևն ուժեղ պետություն դառնալն է: Եթե Հայաստանի իշխանությունները, ՀՀ ԱԳ նախարարը Մասիս սարի գագաթից ասի՝ հիշում ու պահանջում է, դրանից բան չի փոխվելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը ճանաչած երկրները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի:

«Առաջինն այն երկրներն են, որոնք անկեղծ են իրենց պատմության, աշխարհի առաջ և իրենց խղճի առաջ: Դրա փայլուն օրինակը Ֆրանսիան է, որը ճանաչել է Ցեղասպանությունը՝ անկախ ամեն ինչից: Երկրորդ խմբում այն երկրներն են, որոնք Ցեղասպանությանն անդրադառնում են այն դեպքերում, երբ ինչ-ինչ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ և այդ ժամանակ իրենց սենատներում, սեյմերում հայտնվում է հայկական հարցը: Դրա օրինակը Իսրայելն է: Մյուս երկրները նրանք են, որտեղ հայկական համայնքը շատ մեծ է և այդ երկրներում ընտրություններին հաղթում կամ պարտվում են 2-3 տոկոսի տարբերությամբ: Օրինակ՝ մեկ ու կես միլիոն հայը խնդիր է լուծում այդ ընտրությունների ժամանակ և ընտրություններից առաջ խոստում են տալիս՝ երբ ընտրվեմ նախագահ, կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը: Ընտրություններից հետո մոռանում են կամ Ցեղասպանություն բառը հայերեն են արտասանում: Դա ԱՄՆ-ն է»,- ասաց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը նշեց, որ մեզ համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից պահանջել, որ դատապարտեն, այլ որ մենք այնքան ուժեղ լինենք, որ մեզ հետ այլևս չկարողանան այդպես վարվել:

Հարցին՝ հատուցման պահանջն այդքա՞ն էլ էական չէ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ասենք՝ պահանջեցիր, հետո՞. պահանջելուց հետո, հատուցելո՞ւ են: Նախ՝ պետք է ճշտենք, թե մենք ինչ պահանջ ենք դնում՝ Ցեղասպանության ճանաչում, ճանաչումից հետո հատուցո՞ւմ: Հատուցում ասելով ի՞նչ ենք հասկանում: Այ, երբ Հայաստանի Հանրապետությունն իր ձևակերպումները կդնի, գնահատականը կտա, այդ ժամանակ ես էլ իմ գնահատականը կտամ»:

Հարցին այսօրվա իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է երկիրն ուժեղացնելու համար, Սարգսյանն ասաց. «Այս տարիների ժառանգությունը, որ ստացել է՝ նաև սովետական ժամանակներից եկած, նաև Առաջին հանրապետությունից եկած, դա բավականին բարդ ժառանգություն է՝ առավել ևս հարևանների հետ ունեցած փոխհարաբերությունների առումով՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով:

Այնպես չի, որ այսօրվա իշխանությունների գործունեությունը մեկ տարվա անցածով կարելի է գնահատել: Դրանք շատ լուրջ հարցեր են, որոնք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական բալանսի վերականգնման խնդիր են դնում և այդ բալանսը վերականգնելու համար եղբորս՝ Վազգեն Սարգսյանի նման պետք է հիշենք, որ մենք այն ժողովուրդն ենք, որ աշխարհով մեկ լուրջ փորձություններով է անցել և կայուն է մնացել: Պետք է մեր միջից իսկապես հանվի զոհի հոգեբանությունը: Թե չէ՝ ինչքան հիշում ու պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու, ժողովուրդ»,- ասաց նա:

Հարցին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ուղերձ փոխանցեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Հայաստանից այդ ուղերձներն անընդհատ գնում են, սակայն Թուրքիայից մնում են անպատասխան, ինչպե՞ս է հնարավոր նորից սկսել հայ-թուրքական հարաբերությունները, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ձեր կարծիքով՝ եթե Թուրքիան իրեն այդպես է պահում, մե՞նք էլ պետք է մեզ նման կերպ պահենք»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է արել, որ ասել է՝ առանց նախապայմանների, առանց Ցեղասպանության խնդիրը որպես գործոն օգտագործելու՝ պատրաստ է Թուրքիայի հետ բանակցելու, որովհետև հարևան երկրներ ենք: Նա նշեց, որ շատ ողջունելի է այդ պահվածքը, փոխարենը՝ ողջունելի չէ Թուրքիայի պահվածքը:

Դիտարկմանը, թե Թուրքիան Արցախի հարցն է բերում որպես նախապայման, Արամ Սարգսյանն արձագանքեց, որ Արցախյան հարցի մեջբերումը բացարձակ այլ խնդիր է. «Որովհետև Թուրքիան և Ադրբեջանը գրեթե նույն պետություններն են և այս առումով շատ տարօրինակ կլիներ, եթե Թուրքիան արցախյան հարցում չպաշտպաներ Ադրբեջանին, այլ պաշտպաներ Հայաստանին»:

Իսկ նման պայմաններում հանարվո՞ր է հասնել որևէ փոխըմբռնման, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց. «Խնդիր պետք է դրվի, որ հարևան պետություններ ենք և պետք է փորձենք փոխըմբռնման հասնել, ոչ թե իրար հետ թշնամանքի գնալ: Եթե խնդիրն այդպես է դրվում, պետք է ասել՝ գիտե՞ք ինչ, եկեք առանց նախապայմանների, զրոյական կետից սկսենք իրար հետ խոսել: Պատմության թողած այդ ծանր էջերից, որոնք ամեն տարի մենք չհիշել չենք կարող, բայց նաև այդ էջերը մի կողմ դրած՝ ասենք, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ խոսելու, դուք պատրա՞ստ եք, ու թող իրենք ասեն՝ ոչ»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ դա արդեն իրենց խնդիրն է, իրենց վերաբերմունքը աշխարհին ու մեզ, իսկ մենք այդ առումով միանշանակ դրական ենք դուրս գալու:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների առաջ բերման և հետագայում դրանց հետկանչման խնդրին, Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները փորձել են Թուրքիայի իշխանությունների հետ 21-րդ դարին բնորոշ հարաբերություններ հաստատել և այդ փոխհարաբերությունները հաստատելու համար ասել են, որ պատրաստ են դրանց՝ առանց նախապայմանների:

«Ստորագրելուց հետո պետք է Հայաստանն իր խորհրդարանում վավերացներ այդ փաստաթուղթը և այդ դեպքում ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա: Այդ Հայ-թուրքական արձանագրությունը հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը, եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում»,- եզրափակեց նա:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ