19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե եկող տարվա վերջում պարզվի, որ դուք Տարոնից քիչ ծախսելով՝ Տարոնի չափ եք արել, դա կլինի ձախողում

Հայկ Մարությանի քարոզարշավի մեխերից էին վերելակային հիմնախնդրի լուծումն ու տրանսպորտի կարգավորումը։ Ընդ որում՝ հատկապես այս երկու կետերը բազմափիվ թերահավատ, իսկ երբեմն էլ՝ ծաղրական մեկնաբանությունների առիթ էին դարձել։ Դե հիշում եք, որ հարցնում էին, թե ինչպես է պատրաստվում Մարությանը երկու անգամ ավելի մեծ վերելակներ տեղադրել ստանդարտ շախտայի մեջ, էն որ թրաշամանուկներից ամենապանծալին՝ լեվլների բաժանիչ Վահան Կոստանյանն էլ հայտարարել էր, որ մի երկու հատ նման հաջող փորձ ունեն․․․

Ինչևէ, երեկ հայտնի դարձավ, Երևանի 2019 թվականի բյուջեով ոչ միայն այս կետերով բեկումնային առաջընթաց նախատեսված չէ, այլ դեռ մի բան էլ պատրաստվում են շոշափելի կրճատումներ իրականացնել ֆինանսավորման հարցում։ Փոխարենը՝ էլ ավելի շոշափելի բարձրանալու են գործուղումների ու պրեմիաների համար հատկացվելիք միջոցների ծավալները։

Այս ակնհայտ հակասության տակից տղերքը փորձում են դուրս գալ այն փաստարկով, թե բա էն փիս Տարոնն ու Հանրապետականները անհրաժեշտից շատ էին ծախսում ու վատ էին անում, մենք անհրաժեշտի չափ ենք ծախսելու ու լավ ենք անելու։ Օքեյ, տղաներ ու աղջիկներ ջան, սկզբունքորեն չեմ կարող հերքել այդ հիպոթեզը, քանի դեռ հակառակն ապացուցող փաստեր չկան, բայց ուզում եմ մի շարք նյուանսների վրա սևեռեմ ուշադրություններդ․

– Եթե եկող տարվա վերջում պարզվի, որ դուք Տարոնից քիչ ծախսելով՝ Տարոնի չափ եք արել, դա կլինի ձախողում, որովհետև դուք խոստանում էիք, ոչ թե այն, որ ձեր պանծալի իշխանությունն ու թիմային աշխատանքը կապահովի, որ գոնե ավելի վատ չլինի, քան Տարոնի ժամանակ էր, այլ ավելին՝ շատ ավելին․ դուք ասում էիք, որ կլինի լավ ու դեռ մի բան էլ՝ շատ լավ։

– Եթե պարզվի, որ երկու անգամ մեծ վերելակները չեն տեղավորվում երկու անգամ ավելի փոքր շախտաներում (ինչ-որ բան հուշում է, որ դա օբյեկտիվ է, որ չեն տեղավորվի), դա չի նշանակելու, որ երևանցիները ստիպված են սպասել մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ, մինչև դուք հասկանաք, թե ինչպես եք շրջանցելու ֆիզիկայի օրենքները։ Հուսով եմ, որ 2019-ին անգամ կրճատված միջոցներով վերելակային հիմնախնդիրը կլուծվի ու երևանում այլևս չեն լինի վթարային ու չաշխատող վերելակներ, կլինեն շախտայի մեջ տեղավորվող ու նոր վերելակներ։

– Եթե տրանսպորտի հարցը չկարգավորվի, վերելակների հարցում բեկումնային փոփոխություն չլինի, ապա ստացվելու է, որ դուք անիմաստ փոշիացրեցիք տասնյակ միլիոնավոր դրամ՝ գործուղումների ու պրեմիաների վրա, այնինչ, կարող էիք դրանց հաշվին մի քանի տասնյակ վերելակ ավել փոխել, տարնսպորտի հարցն էլ ավելի դյուրինացնել։ Համենայն դեպս՝ 81 տոկոս քվե տվողների մեծ մասը այն հույսով չէր, որ դուք գալու եք ու մի բոլ ֆռֆռալու եք իրենց հարկերի շնորհիվ, հետո էլ դրա համար պրեմիաներ եք ստանալու։ Եվ դա այն պարագայում, երբ դուք իրենց համար առավել ակտուալ խնդիրներին լուծում չտվեցիք։

Էս դեռ ընդամենը երկու կետի մասով էսքան գրվեց, բա որ սկսեմ մյուս հարցերից խոսել, ինչպիսիք են տենդերները ու դրանց թափանցիկությունը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը), կադրային քաղաքականությունը, ապօրինի շինարարությունը և այլն․․․ Լրջացե՛ք ու գործ արե՛ք, փողերն էլ քամուն մի՛ տվեք։

Հ․Գ․ Զիբիլի հարցն էլ լուծեք։ Ոնց կանխազգում էի, էնքան մզմզացիք, մինչև ցրտեց ու հոտի խնդիրը մեղմվեց, բայց էդ անտեր աղբահանության հարցը այդպես էլ չկարգավորվեց։ Վատ լուր ունեմ՝ Վեստերոսում չենք ապրում, Գիշերի Արքա չկա, ձմեռն ու ցրտերն էլ տարիներ ու տասնամյակներ չեն տևելու, այլ մի քանի ամիս, այնպես որ՝ իրար եկե՛ք։

Հրգանքներով՝

սպասողական վիճակում գտնվող և հեղափոխական մուտիտներից հոգնած Երևանի քաղաքացի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ