24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել կամ արդեն նահանջել են կամ արդեն վրա է հասել հիասթափության ալիքը, գտնվում են սպասողական ռեժիմում, որպեսզի փորձեն ընտրություններում հանդես գալ իրենց քաղաքացիական դիրքորոշումներով: 

Իմ տպավորությամբ՝ ընտրության իրավունք ունեցողների մոտ ընտրություն կատարելու համար տեղ են գտնելու հետևյալ մոտիվացիաները՝ (կամ ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը/ կամ ընտրության չգնալը) ըստ թեկնածուների նկատմամբ եղած հետևյալ ընկալումների.

  1. Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, ուրեմն պետք է ընտրեմ՝ թեկուզ այս ընթացքում համոզվեցինք, որ թույլ են ու անփորձ:
  2. Թեկուզ չեմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, վարչապետը որ ասում է, ուրեմն ընտրելու եմ:
  3. Մեր հարազատն է (ընկեր, բարեկամ, ծանոթ), համ էլ Նիկոլ Փաշինյանի թիմից է, հաստատ արժանի է, պետք է իրեն ընտրեմ:
  4. Ճիշտ է, Փաշինյանի թիմից չեն, բայց իրականում տակից իրենց աջակցելու են, իրենց կողքին են լինելու, նորմալ մարդիկ են, համ էլ իրենց ճանաչելով՝ վստահում եմ ու իրենց պետք է ձայն տամ (ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն):
  5. Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի, հաստա՛տ նրանցից լավն են լինելու (այսպես մտածողները ազգային արժեքային համակարգը կարևորող մարդիկ են և հիմնականում ընտրելու են կա´մ ՀՀԿ-ին, կա´մ ՀՅԴ-ին, հնարավոր է նաև ԲՀԿ-ին):
  6. Փաշինյանին չեմ հավատում, որովհետև արդեն երևում է, որ այս ամենը բլեֆ է, ու ոչինիչ էլ չի փոխվելու կամ էլ ավելի վատ է լինելու: Բայց Հանրապետականին էլ չեմ վստահում, ով ուզում է լինի, մենակ հանրապետական չլինի, հազիվ ենք պրծել նրանցից (այսպես մտածող ընտրողները ԲՀԿ, ԼՀԿ, Հանրապետություն, Սասնա ծռեր կուսակցությունների ընտրողներն են) :
  7. Ճիշտ է, Հանրապետական է, բայց մարդը լավ ճանապարհ է անցել, պետական ու ազգային արժեքների կրող է, քաղաքական լավ փորձ ունի, հաստատ լավ ընդդիմություն կլինի, դրա համար իրեն եմ ընտրելու:
  8. Ճիշտ է, հանրապետական է, բայց մեզ հարազատ (ընկեր, բարեկամ, ծանոթ) մարդ է, ինչ հարց ունեցել ենք, իրեն ենք դիմել, մարդը մեզ ինչով կարողացել է, աջակցել է ու դրա համար իրեն եմ ընտրելու:
  9. Հանրապետական է եղել, բայց կուսակցության հետ կապ չի ունեցել, ստիպված է հանրապետական դարձել, ինքը կարգին տղա է, մեր հող ու ջրի մարդ է, դրա համար ընտրելու եմ:
  10. Չեմ գնալու ընտրության, որովհետև ոչ մեկն էլ մի բան չեն, ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում:

Կարծում եմ, որ սրանք են լինելու առաջիկա արտահերթ ընտրություններում ընտրության իրավունք ունեցող մարդկանց հիմնական մեկնաբանությունները, թե ինչո՞ւ են մասնակցում և ընտրում կամ էլ ինչո՞ւ չեն մասնակցում:

Ի՞նչ մեծություն կունենան վերոհիշյալ տասը դասակարգումներից յուրաքանչյուրը՝ հնարավոր չի լինելու ասել ընդհուպ մինչև դեկտեմբերի 9-ը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել: Հետևաբար միայն դեկտեմբերի 9-ին պարզ կլինի, թե ինչ պատկեր է կազմել վերոհիշյալ տրամադրությունների արտահայտումը ընտրություններում, դրանցից որն ի՞նչ ծավալ ունի:  Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն այսօր մեծամասնություն են»,-գրել է Արտակ Զաքարյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ