27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր կյանք, կամ Երկնքի Արքայության առաջադրած նոր համակարգ

Եկեղեցին մշտապես իր մտածումն ու մտահոգությունն է հայտնել տնտեսության և տնտեսական կյանքի դրսևորումների, ինչպես նաև տնտեսական գործունեության մեջ տեղ գտնող զանազան բարոյագիտական և հոգևոր խնդիրների վերաբերյաալ՝ հիմնված Սուրբ Գրքի սկզբունքի և նրանից բխող իր դավանական մտածողության վրա, առանցքը ունենալով մարդու պատիվը, արժանապատիվ կյանքը և նրա բարեկեցությունը: Ըստ այս սկզբունքի՝ տնտեսական առողջ, վստահելի և արդար համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց նկատի ունենալու մարդու պատվի՝ անձնական և հավաքական պատասխանատվության նկատմամբ ունեցած բարոյական կամ բարոյագիտական մոտեցման:

Հետևաբար, սա հիմնական ընկալումն է քրիստոնեական “կյանքի փիլիսոփայության”՝ նոր կյանքի կամ Երկնքի Արքայության առաջադրած նոր համակարգի՝ մշտական ուղղություն հաղորդելով մարդու կյանքին, որում կարևոր տեղ է գրավում մարդու ազատ կամ ազատագրված լինելու գիտակցությունը, որը բացարձակ և կարևոր արտահայտություն ունի Եկեղեցու խորհրդաբանական կամ ծիսական կյանքում: Հստակ է, որ տնտեսական գործունության և նյութական զարգացման միակ նպատակը և գործառույթը պետք է լինի ծառայել անձի և հասարակության բարիքին և ոչ թե անհատի, հարստության կուտակման, իշխանության ձեռք բերմանը և նյութի չարաշահմանը:

Այս իմաստով, Աստվածաշունչը հստակ ուղղություն է հաղորդում նյութական բարիքի միջոցով հոգևոր, բարոյական կյանքի ապահովման և առողջության վերաբերյալ: Աստվածաշունչը նյութական միջոցները նկատում է որպես Աստվածային օրհնություն, որն ինքնին դատապարտելի չէ, այլ անընդունելի է դրա սխալ կիրառումն ու գործադրությունը:

Այս իմաստով դատապարտելի են խաբեությունը, նյութական հարստության հասնելու միջոցների անխտրությունը, անարդարությունը, մարդու շահագործումը՝ հատկապես խոցելի խավի նկատմամբ, որն ուղակիորեն կապված է նաև հավաքականության կամ պետության անվտանգության հետ. “Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծաւալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։

Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստված պիտի լսի քեզ…Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կը ծագի քո լույսը, քո խավարը կվերածուի միջօրեի։

Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու պիտի հառնես ու կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող”(Ես 58:7-12, տե՛ս նաև Երեմ. 7:6,7, Ամովս 2:6-7. Հովսե 4:1-2, Միքիա 2:1-2):

Նոր Կտակարանը շարունակելով ավանդությունը հստակ կերպով մատնանշում է տնտեսական կյանքի կամ նյութական հարստության հոգևոր եզրաշերտը ամբողջական կերպով. “Իսկ որ փշերի մեջ սերմանվեց, այն է, որ լսում է խոսքը, բայց աշխարհիս հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և սա լինում է անպտուղ։ (Մտթ. 13:22), Ապա ժողովրդին ասաց. “Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ”(Ղուկ 12:15): 

Սա հասարակական հարաբերությունների նոր հասկացողությունն է, որը հնարավոր կդառնա հաստատված լինելով արդարության, նյութական միջոցների հավասար բաշխումի, ներդաշնակության և համերաշխության սկզբունքի վրա՝ որպես “Երկնքի Արքայության” քաղաքականությունը (“թող գա քո արքայությունը” (Մատթ. 6:11)): 

Հարստությունը շնորհ է Աստծու կողմից, որը պետք է կիրառվի համապատասխան կերպով և արդարությամբ՝ նյութեղեն բարիքը ծառայեցնելով հոգևոր և բարոյական կյանքի աճմանն ու զարգացմանը (տես Մատթ. 25:14-30, Ղուկ. 19:12-27): Սուրբգրային մարդաբանությամբ և Եկեղեցու մտածողությամբ մարդն է աղբյուրը, առանցքը, նպատակը տնտեսական և հասարակական կյանքի (Ծննդ. 2:5, 15) Հետևաբար տնտեսությունը կամ տնտեսական գործունեությունը սոսկ միջոց է մարդու և հասարակակն կյանքի որակական բարելավման համար:

Այս ելակետից Եկեղեցին հորդորում, քաջալերում և միևնույն ժամանակ զգուշացնում է պետական ծառայողներին, տնտեսական կյանքի պատասխանատուներին և քաղաքական ու տնտեսական բոլոր կազմակերպություններին մտածել և ծրագրերն իրականացնել միայն վերոբերյալ սկզբունքով՝ նպաստելով մարդու ազատությանը, մարդու իրավունքի ազատ գործադրմանը, տնտեսական մենաշնորհների վերացմանը, ազատ տնտեսական մրցակցությանն ու գործակցությանը, տնտեսական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, համակարգմանն ու հովանավորությանը, իշխանական լծակների հովանավորչության բացառմանը, միջոցների հավասար և արդար բաշխմանը, հասարակության վստահելիության ամրապնդմանը, բնական պաշարների օգտագործման և տնտեսական կյանքի զարգացման ճիշտ հավասարակշռությանը, արտագնա աշխատանքի և դրա հետևանքով հարուցած անձնական և ընտանեկան դժբախտության կանխմանը, արժանապատիվ կյանքին, ընտանեկան երջանկությանը և անձնական բարեկեցությանը:

Այսինքն համապատասխան կառույցները և տնտեսվարող սուբյակտները, գործարարները չպետք է առաջնորդվեն նոր ժամանակների այսպես կոչված սպառողական հոգեբանության “քաղաքակրթությամբ”, այլ գործեն քրիստոնեական ընկալմամբ՝ հասարակական կամ քաղաքական ձեռնարկումները ուղղեն տնտեսական կյանքի զարգացմանը, ոչ միայն օրինական դաշտում, այլ հատկապես հասարակաց շահի և բարիքի բարոյական պատասխանատվության զգացումով:

Եկեղեցին միևնույն ժամանակ զգուշացնում է, որ տնտեսական ներդրումները պետք է կատարվեն միմիայն այնպիսի տնտեսական հաստատություններում կամ կազմակերպություններում որոնց տնտեսական ռազմավարությունը բարոյական խնդիրներ չի հարուցում և ուղղված չեն կյանքի քայքայմանը (օրինակ վերարտադրողական առողջության զանազան շերտերում, ռազմական, թմրանյութեր, մարդկային տրաֆիկինգ և այլն): 

Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ տնտեսությունը կամ հարստությունն ինքնին երջանկության աղբյուր չի կարող լինել և ինչպես ընդունված է մարքսիստական ընալմամբ, թե՛ “կեցությունն է որոշում գիտակցությունը”, որն ամբողջությամբ զրկում է մարդուն իր բարձրագույն կոչումից և արժանապատվությունից՝ վերածելով նրան առավելագույնը կենդանական աշխարհին հավասար երևույթի, իսկ՝ նվազագույնը սոսկ սպառողի կամ լավագույն դեպքում կյանքի մեխանիկական ընթացքը ապահովողի: Հոգևոր, բարոյական ընկալմամբ գիտակցությունն է որոշելու կեցությունը, որպես շարժիչ ուժ ունենալով սերը Արարչի, արարչագործության և մարդու, պետության և պետականության նկատմամբ՝ տնտեսական բարիքը ծառայեցնելով համընդհանուր բարիքին:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ