Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել
Վերջին 3 ամիսներին հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ: Հատկապես շատ տաք է եղել փետրվար ամիսը, այն Արարատյան դաշտի առանձին հատվածների և Երևան քաղաքի համար դարձավ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտարկված ամենատաքը:
Մարտ ամսին նույնպես օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվել է 1-2 աստիճանով նորմայից բարձր, ինչը նշանակում է, որ ունենալու ենք մեր կլիմայական պայմանններին բնորոշից մի փոքր ավելի տաք մարտ, տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ավել:
Առաջիկա 5 օրերին, մարտի 4-8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ մոտ 5-6 աստիճանով: Եղանակի տաքացմանը զուգընթաց, Միջերկրական ծովից մեր երկիր եկող տաք և խոնավ օդային հոսանքները առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ իրենց հետ կբերեն նաև անձրևներ, առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Քանի որ հանրապետության հովտային գոտիներում գյուղատնտեսական աշխատանքները արդեն մեկնարկել են, ապա հանրությանը տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովտային գոտում տատանվելու է +4…+6, իսկ ցերեկը +14…+16 աստիճանի սահմաններում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։