18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Դեկտեմբերի 6-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպեց «Ընտանեկան բռնության մասին օրենքը. Վրաստանի հաջողված փորձը» խորագրով հանդիպում: Հանդիպմանը հրավիրված էին Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային բաժնի ներկայացուցիչ, պարեկային տեսուչ Նինո Գվինիանիձեն և Ընդդեմ բռնության Վրաստանի ցանցի  նախագահ Նատո Շավլակաձեն:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի կառավարության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Վրացի գործընկերները ներկայացրեցին Ընտանեկան բռնության մասին օրենքի ադվոկացիայի, ընդունման և գործարկման իրենց փորձը: Հայաստանի ներկայացուցիչները ևս կիսվեցին իրենց փորձով և վեր հանեցին այն խնդիրները, որոնց բախվում են իրենց աշխատանքի ընթացքում: Տեղի ունեցավ փորձի փոխանակման հաջողված հանդիպում:

Վրացի գործընկերները հայտնեցին, որ 2008 թվականին Վրաստանում ընդունվել է ընտանեկան բռնության մասին օրենքը: Օրենքի ընդունման արդյունքում երկրում ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդեն գործում են երեք պետական ապաստարաններ:

Վրաստանում ընտանեկան բռնության դեմ օրենքը նպաստեց հասարակության մեջ բռնությունը դատապարտող մշակույթի ձևավորմանը, բռնարարների մոտ անպատժելի մնալու համոզման վերացմանը և բռնությունից տուժածի պաշտպանվածության զգացումի ամրապնդմանը:

Օրենքի ընդունումը նպաստեց նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության կայացմանը: 

Հայ գործընկերներին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է լուծվել Ընտանեկան բռնության և այլ օրենքների միջև տարաձայնությունները: Հիշեցնենք, որ Հայաստանում օրենքը առկախվեց ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, քանի որ համարվեց, որ այն  հակասում է սեփականության իրավունքին. բռնարարին չեն կարող զրկել սեփականությունից՝ նրան տանից դուրս հանելով, ինչպես առաջարկում էր ընտանեկան բռնության մասին օրենքը: Այս ձևով կանխարգելվում էր բռնության շարունակականությունը: Վրաստանում ևս այս բանավեճը տեղի է ունեցել, սակայն այն հարթվել է պարզաբանմամբ, որ բռնարարը ոչ թե զրկվում է իր սեփականությունից, այլ հեռացվում է որոշակի ժամանակահատվածով՝ որպես պատժամիջոց: Այս դեպքում կինը երեխաների հետ տնից հեռանալու և ապաստարան փնտրելու կարիք չունի:

Վրացի գործընկերները նաև նշեցին, որ օրենքը դեռևս լրացումների կարիք ունի, բայց ամենակարևոր քայլն արված է՝ Ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունված է Վրաստանում: Նրանք կոչ արեցին հայ գործընկերներին շարունակել աշխատել Հայաստանում օրենքի ընդունման վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ