26 Հունվարի, Կիրակի, 2020
KFC

Եղնիկ Վաչոյի մոր աղոթքը. Արցախյան վկայություններ

63103_255899381202606_1340297980_n

Եղնիկ Վաչոյին հանդիպեցի Դոսաֆի գարաժում։ Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը։ Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աղվանստանում, թե՛ Արցախում։

Բանաստեղծի նման «երկինքոտ» մարդ էր Եղնիկ Վաչոն` արվեստ սիրող, գիրք ընթերցող, կյանքի խինդ ու սեր կար աչքերում։ Եվ ասես միայն նրա հաղթ հասակն էր խոսում Վաչոյի ազատամարտիկ լինելու մասին։ Շահումյանի գյուղերից մեկի երեխաներին հիշելիս հուզվում է. «Ի՜նչ ակնածությամբ եւ հույսով էին նայում մեզ, որպես հերոսների պատվում. համերգներ էին պատրաստում մեզ համար, գյուղից դուրս ելնելիս ճանապարհում էին, ետ դառնալիս՝ գյուղի ծայրին դիմավորում, կուզենայի որոնել, գտնել նրանց, կարոտե~լ եմ»։
Ինչու՞ են քեզ Եղնիկ ասում, հետաքրքրվեցի ես։

Աղվանստանում տղերքը երկու մեքենաներով ընկան հանկարծակի հայտնված եղնիկների մի մեծ խմբի ետեւից։ Տղերքը շարունակ կրակում էին ու վրիպում։ Գեղեցիկ արարածներ էին եւ խնդրում էի չկրակել, բայց ինձ վրա ուշադրություն չէին դարձնում եւ հետապնդումը շարունակվում էր։ Երեւի Աստծո կամոք չէր, որովհետեւ քիչ էր մնում մեր մեքենան ձորն ընկներ ու բոլորս էլ զոհվեինք։

Մի կերպ արգելակեցինք։ Տղերքն էլի մոլեգնորեն կրակում էին ու վրիպում։ Խղճում էի եղնիկներին, բայց իմ չկրակելու խնդրանքներն անտեսում էին ու կրկին վրաս ծիծաղում։ Վտանգավոր այդ հետապնդմանը վերջ դնելու համար՝ ինքս կրակեցի։ Ես լավ նշանառու եմ եւ՝ եղնիկներից մեկն ընկավ։ Այս ի՞նչ արեցի, բայց այլ ճար չկար։ Որպեսզի եղնիկներից շատերը փրկվեին՝ մեկը պիտի զոհվեր, որ հետապնդումն ավարտվեր։ Սիրտս ասես լալիս էր, ասես հարազատ մեկի վրա կրակած լինեի եւ ոչ թե կենդանու: Եվ մեքենայից իջա, վազեցի եղնիկի մոտ, գրկեցի գեղեցիկ գլուխը, դեմքս հպեցի դեմքին։ Եղնիկի աչքերից արցունքներ էին հոսում։ Աստվա՜ծ իմ, ասես մարդկային արցունքներ լինեին։ Մի կերպ էի զսպում ինձ, որ ինքս էլ չարտասվեմ, ծաղրանքի առարկա չդառնամ։ Ողջ օրն անտրամադիր էի եւ եղնիկի մսից չկերա։ Տղերքն այդ ամենը տեսնելով՝ այդ օրվանից ինձ անվանեցին Եղնիկ Վաչո։

…Արցախյան ազատամարտի ժամանակ Աղվանստանում կռված հայերն առանձին ջոկատ ստեղծեցին ու մեկնեցին ճակատ։ Եղնիկ Վաչոն այդ ջոկատում էր։ Բազմաթիվ անգամներ վտանգների մեջ ընկավ, բազմաթիվ անգամներ մահից ազատվեց, այնքան, որ հասկացավ, թե մի ուժ պահպանում է իրեն։ 

Ես գիտեի, որ մայրս աղոթում է ինձ համար, պատմում է Եղնիկ Վաչոն, բայց այն, որ մորաքույրս պատմեց, անսպասելի էր եւ ապշեցրեց ինձ։ Շատ անգամներ մահից ազատվեցի, հրաշքի նման բաներ էին, թվում էր, տրամաբանությանը հակառակ իրավիճակներ, բայց ազատվում էի, ասացի մորաքրոջս։

Է՞լ չազատվեիր, որդի՛, պատասխանեց մորաքույրս, որ ապրում է Երեւանի Ջրվեժ թաղամասում, մայրդ քո կյանքը պահպանելու համար, թե՛ Աղվանստանում, թե՛ Արցախում կռվածդ ողջ ժամանակամիջոցում հաճախակի ուխտագնացության էր գալիս Ջրվեժի եկեղեցին, աղոթքով, արտասուքով Տիրոջից խնդրում, որ պահպանի քեզ, ազատի վտանգների ժամանակ, փորձանքներից պահպանի։ Քանի՜ անգամներ ինքս էլ եմ ընկերակցել այդ ուխտագնացություններին։

Ահա թե որքան զորավոր է Աստծուն հուսադրած մայրական սերը, մայրական աղոթքն ու մայրական զոհաբերությունը, որ թիկունք է դառնում որդիներին եզրափակեց Եղնիկ Վաչոն։

Արցախյան վկայություններ

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ