Հայաստանում այսօր մթնոլորտ փոխող դեմոկրատական շարժում գոյություն չունի. փորձագետ
ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, եւ համապետական ընտրությունները եւս չունեն ժողովրդավարական ընտրություններին բնորոշ բովանդակություն: Այսօր այս մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նրա համոզմամբ` արդեն իսկ հիմա կարելի է ասել, որ ընտրությունները ազատ ու արդար չեն , քանի որ բոլորի համար հավասար պայմանները ապահոված չեն:
‘’Չկա բոլորի կողմից հավասար ներկայացվածություն, համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններում միակողմանի քարոզչություն է գնում: Այս անհավասար պայմանները իշխանությունների կողմից ստեղծվել է գիտակցաբար’’,- նշեց Էդգար Վարդանյանը` հավելելով, որ թեեւ էլեկտրոնային եւ տպագիր մամուլը զարգացում է ապրում, այնուամենայնիվ հիմնական տեղեկատվություն սփռող, ազդեցություն ունեցող եւ ‘’ուղեղներ լվացող’’ միջոցը մնում է հեռուստատեսությունը, որում չկան հավասար պայմաններ:
Էդգար Վարդանյանի կարծիքով` ավտորիտար եւ քրեաօլիգարխիկ երկրներում միայն դեմոկրատական լուրջ շարժումն է ունակ իրավիճակը փոխել, եւ մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, պետք է հավաքվեն այնպիսի ձեւաչափով, որը երբեք չպետք է նպատակ ունենա գալ իշխանության:
‘’Դեմոկրատական շարժումը պետք է առաջնորդի իշխանության ձգտող մարդկանց, այլ ոչ` հակառակը: Մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, պիտի հավաքվեն, այլ չսպասեն, մինչեւ հավաքվի հանրություն, կամ մինչեւ փոխվի մարդկանց գիտակցությունը’’,- կարծիք հայտնեց բանախոսը` հավելելով, որ այսօր Հայաստանում մթնոլորտ փոխող դեմոկրատական շարժում գոյություն չունի, այլ կա դեմոկրատական շարժման պոտենցիալ ունեցող խմբերի շարժում:
Անդրադառնալով հասարակության իրական տրամադրություններին, փորձագետն ասաց, որ այսօր հասարակության տրամադրությունները տրոհված են մասերի, եւ իրական հակվածությունը այս կամ այն ուժին դեռեւս հնարավոր չէ չափել: