Ծառուկյանի մոտ` տուն-տունիկ
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել են պատգամավորության 180 թեկնածու, որից 12-ը կին են:
Հետաքրքիր է, որ միայն 2 ընտրատարածքում են առաջադրվել 2-ական թեկնածու. թիվ 28-ում եւ թիվ 35-ում: Մնացած բոլոր ընտրատարածքներում 3-ից 6-ական թեկնածուներ են:
Աբովյան քաղաքն ու տարածաշրջանի 8 գյուղեր ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ ուժերն է փորձելու “Երեւանջուր” ՓԲԸ թիվ 10 տեղամասի պետ, 38-ամյա անկուսակցական Արմեն Ավդալյանը:
Իսկ Գյումրի քաղաքի հյուսիսային մասից մինչեւ հարավային մասը, Ախուրյան քաղաքն ու տարածաշրջանի մի քանի գյուղ ընդգրկող թիվ 35-ում ԲՀԿ-ից առաջադրված ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի դեմ պայքարելու է “Գյումրի-գարեջուր” ՍՊԸ-ի լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը:
Նշենք, որ գործարանը պատկանում է Բալասանյաններին: Փաստորեն ԲՀԿ-ական այս երկու թեկնածուների հետ ոչ մեկը չի առաջադրվել դեմ առ դեմ դուրս գալ: Իսկ առաջադրվածները թերեւս Ծառուկյանի եւ Բալասանյանի թիմից են, քանի որ Ընտրական օրենսգիրքը չի թույլատրում մեկական թեկնածուով քվեարկվել: