26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պետք է լինենք արտադրող եւ արտահանող երկիր. Տիգրան Դավթյան

Այսօր  ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը էկոնոմիկայի ոլորտի եկող տարվա բյուջեի քննարկմանը մի շարք հարցեր ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին: Մասնավորապես, պատգամավորին հետաքրքրեց, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել` որքան միջին աշխատավարձով:

Արծվիկ Մինասյանը հարցրեց նաեւ, թե արդյունաբերությանը տրվող երեք հարյուր միլիոն դրամը որքանով է նպաստելու ՀՆԱ աճին, այն դեպքում, երբ միայն “Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի”  կանոնադրական խնդիրների իրականացմանը տրվել է երկու հարյուր վաթսունչորս միլիոն դրամ: Դաշնակցական պատգամավորը նաեւ խնդրեց ներկայացնել, թե նախարարի պատկերացմամբ ՀՀ տնտեսական կառուցվածքն ինչ տեսք է ունենալու:

Տիգրան Դավթյանը սկսեց վերջին հարցից եւ ասաց, որ ՀՆԱ-ում ավելանում է իրական հատվածի եւ հատկապես  արդյունաբերության մասնաբաժինը, ինչը նախարարը ուրախալի համարեց:

“Մինչեւ ճգնաժամը կամ երկու-երեք տարի առաջ մենք ունեինք մոտ տասներկու-տասներեք տոկոս, հիմա այդ մասնաբաժինը հասել է քսան տոկոսի եւ կարծում եմ  կարող է մի քիչ անցնել: Եթե սրան ավելացնենք նաեւ գյուղատնտեսության ոլորտը, այդ տենդենցը շատ հատկանշական է”,-նշեց  Տիգրան Դավթյանը: Նա հավելեց, որ սա տեղի է ունենում շինարարության ոլորտի մասնաբաժնի նվազմանը զուգահեռ:

“Ես համոզված եմ, որ Հ Հ պետք է ունենա, իհարկե, բազմաճյուղ տնտեսություն, բայց իրական հատվածը` արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, պետք է լուրջ դերակատարություն ունենան եւ  մենք պետք է լինենք արտադրող եւ արտահանող երկիր”,-շարունակեց Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` բացի շինարարությունից, որտեղ մի փոքր անկում է, մյուս ոլորտներում ունենք առաջանցիկ տեմպեր:

Ինչ վերաբերում է երեք հարյուր միլիոն դրամի հատկացումներին, նախարարի խոսքով` սրանք աջակցման ծրագրեր են լինելու: ”Մենք այստեղ ճկուն ենք լինելու եւ փորձելու ենք քննարկել, թե որ ուղղությունները կլինեն ավելի արդյունավետ”,-հավելեց նա:

Խոսելով աշխատատեղերի խնդրից` Տիգրան Դավթյանն ասաց, որ այն գերակա խնդիր է: ”Կառավարությունը հիմա դրա վրա աշխատում է, եւ առաջիկայում կներկայացնենք փաստաթուղթ, որտեղ այդ խնդիրը շատ ուռուցիկ է ներկայացված` լավ իմաստով, բայց դրանք պետք է լինեն որակյալ եւ լավ  վարձատրվող աշխատատեղեր, որովհետեւ հաճախ մենք ունենում ենք աշխատատեղեր, որոնք գրավիչ չեն, թե պետական, թե մասնավոր հատվածում: Մենք ունենք կառուցվածքային շեղումներ` ունենք աշխատատեղեր, մասնագետներ չունենք, եւ հակառակը”: Նրա խոսքով, այս առումով պետք է նախարարությունները համակարգված աշխատեն` առաջարկը եւ պահանջարկը հաշվի առնելով:

Տիգրան Դավթյանը հավելեց, որ միայն աջակցման ծրագրերի շրջանակներում մոտ հարյուր միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացվեցին այս տարիների ընթացքում եւ շուրջ  երեք հարյուր հազար  լավ պայմաններով աշխատատեղեր ստեղծվեցին: “Իհարկե, քիչ է, մենք կուզենք ավելի, բայց ես կրկնում եմ` միայն այս գործիքի կիրառմամբ, ոչ թե ընդհանուր առմամբ”:

Նախարարի պատասխանները չգոհացրին Արծվիկ Մինասյանին: Վերջինս հորդորեց նախարարին գրի առնել իր հարցերը եւ նկատեց. ”Եթե դահլիճը տրամադրող չի, կարող ենք առանձին պայմանավորվել եւ հանդիպել”: Պատգամավորի առաջարկին Տիգրան Դավթյանն արձագանքեց. “Առանձին էլ կարող ենք պայմանավորվել”: “Հո խնջույքի չենք կանչել, որ տրամադրող կամ չտրամադրող լինի”,-միջամտեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ