Սունդուկյանցիները ներկայացրեցին ‘Ջոն արքան’` Լոնդոնում
Մայիսի 16-ին եւ 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի ‘Ջոն Արքա’ պիեսը:
Երկու օր անընդմեջ ‘Ջոն Արքան’ դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ:
Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր ‘Ջոն Արքան’՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը եւ պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:
Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:
Henaran.am -ին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից