Երազ, որ փրկեց մեր ընտանիքը
Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի վերջում, որը մարդկանց բերեց այնքան կորուստներ ու դժբախտություններ, որ մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրել, և միայն սիրտն է իր հիշողության մեջ պահում անցյալում մնացած այդ օրերը:
Մինչ այսօր էլ կենդանի են հիշողություններն այն մասին, թե ինչպես էր Աստված պահպանում իր զավակներին և հատկապես հոգ էր տանում նրանց համար, ովքեր հուսացած էին Իրեն և հաճախ հրաշքով փրկում էր նրանց սոված մահից:
Մեր ընտանիքում չորս երեխա էինք: Ես ամենամեծն էի՝ 10 տարեկան, իսկ ամենափոքրը՝ ընդամենը 3: Հայրս ռազմաճակատում էր, իսկ մայրս հիվանդ էր, այդ իսկ պատճառով չէր կարողանում աշխատել: Հացը, որը ստանում էինք կտրոններով, հազիվ բավականացնում էր երկու շաբաթ:
Աստիճանաբար մենք վաճառեցինք մեր տան ողջ ունեցվածքը գրեթե չնչին գումարով, որպեսզի կարողանայինք կերակուր գնել: Բայց եկավ ժամանակ, որ այլևս ոչինչ չունեինք վաճառելու, բացի այդ էլ՝ մայրիկի մոտից գողացան հացի կտրոնները, երբ նա սպասում էր հաց ստանալու իր հերթին:
Այդ օրը մայրիկը տուն վերադարձավ ձեռնունայն: Մենք վազեցին նրա մոտ, որպեսզի վերցնեինք հացի մեր փոքրիկ բաժինը, սակայն մայրիկը գրկեց մեզ և արցունքն աչքերին ասաց.
– Երեխանե՛ր, հաց չկա և այս ամիս չի էլ լինելու, բայց ես հավատում եմ, որ Աստված կօգնի մեզ: Եկեք ծնկի գանք Տիրոջ առջև և խնդրենք Նրան, որ Նա հոգ տանի մեզ համար:
Մենք բոլորս ծնկի եկանք և սկսեցինք աղոթել:
Այդ օրը սոված պառկեցինք քնելու, և այդպես՝ երկու օր շարունակ: Ամեն օր մենք Աստծուց օգնություն էինք խնդրում: Երրորդ օրը ավելի ուժգին էինք աղոթում, քանի որ այլևս չէինք դիմանում քաղցին: Սովից այնքան էինք թուլացել, որ չէինք կարողանում վեր կենալ անկողնուց:
Այդ գիշեր մայրս ինձ արթնացրեց.
– Վա՛նյա, վե՛ր կաց տղաս, ես երազ եմ տեսել:
– Երա՞զ, ի՞նչ երազ:
-Լսիր, տղա՛ս, ես մի հին նկուղում սանդուղք տեսա: Իջա այդ սանդուղքով և այնտեղ հեռու անկյունում երկու սափոր էր դրված: Նայեցի դրանց մեջ. մեկում յուղ էր, մյուսում՝ ալյուր, և այդ պահին ես արթնացա: Արի գնանք և գտնենք այդ նկուղը, ես զգում եմ, որ սա Աստծո պատասխանն է մեր աղոթքներին:
Ես չուզենալով վեր կացա, հագնվեցի և մենք գնացինք այդ նկուղը փնտրելու: Մեր տնից ոչ շատ հեռու հին ավերակներ կային: Պատերազմից առաջ այդտեղ երկու հարկանի հին տուն կար, որում վաղուց ոչ ոք չէր բնակվում:
Արդյունքում տունը քանդեցին, որպեսզի ինչ-որ բան կառուցեն այդտեղ, բայց պատերազմը խանգարեց այդ ծրագրերին և տունն այդպես էլ ավերակ վիճակում մնաց:
Ինչ-որ ներքին ձայն հուշում էր մեզ, որ հենց այդտեղ պետք է գնանք: Այնտեղ հասնելով՝ մենք հեշտությամբ գտանք նկուղը, և ներքև իջնելով՝ որոշ ժամանակ փնտրելուց հետո մոմի լույսի օգնությամբ գտանք երկու սափորներ:
– Մայրի՛կ, սափորները,- բացականչեցի ես:
Սափորների մեջ ալյուր էր և յուղ՝ ճիշտ այնպես, ինչպես մայրս տեսել էր երազում:
– Տղա՛ս, արի գոհանանք Աստծուց այն ողորմության համար, որ Նա ցուցաբերեց մեր նկատմամբ:
Ես չէի տեսնում մայրիկիս դեմքը, բայց նրա ձայնում զգացվում էր ուրախություն և հաղթանակ:
Մենք այնպե՜ս էինք գոհանում Աստծուց… Մեր ներսը լցվել էր գոհության և փառաբանության հոգով, և չէինք կարողանում ավարտել մեր սրտերի խորքից բխող աղոթքը:
Այդ սափորները տուն բերեցինք, մայրիկը հաց թխեց, և արթնացրինք երեխաներին.
-Երեխանե՛ր, վե՛ր կացեք: Աստված հոգ է տարել մեզ համար: Փա՜ռք Աստծուն:
Հացի հոտն առնելուն պես երեխաները վեր թռան ու վազեցին դեպի հացը: Երբևէ նման համեղ հաց չէինք կերել:
Հաջորդ հրաշքն էլ եղավ այն, որ սափորում ալյուրի քանակը կեսից պակաս չեղավ այնքան ժամանակ, մինչև հայրիկը վերադարձավ տուն:
Այդ ալյուրից օգտվում էինք ոչ միայն մենք, այլև շատ այլ մարդիկ:
Աղբյուր՝ crossnews.am
bible-facts.ru