24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բայց չէ որ Քրիստոսը պահանջում է սիրել թշնամուդ

Հարց. –Բայց չէ որ, համաձայն «Մի՛ սպանիր» պատվիրանի զենք վերցնել չի կարելի, ուրեմն ինչպէ՞ս համատեղել այս ամենը, թե՛ Վարդանանց ժամանակների և թե՛ մեր օրերի հետ։

Պատասխան. – Արդեն հասկանալի է, որ քրիստոնյայի համար զենքերը միայն պաշտպանական բնույթ են կրում։ Սա էլ նշանակում է, որ պատերազմողն Աստված է։ Հին Կտակարանում Դավիթ թագավորը միշտ պատերազմում էր թշնամիների դեմ։ Պատերազմի համար նրանից ոչ մեկը ոչ մի բան չէր պահանջում։ Բայց երբ մի անգամ նա դիտավորյալ սպանել տվեց իր հավատարիմ զինվորներից մեկին՝ Ուրիային, այդ թափած արյունը Աստված պահանջեց Դաւթից (Բ Թագ. ԺԲ-ԺԳ գլուխներ)։

Ուստի պատերազմը հանուն ժողովրդի, հանուն մերձավորի փրկության սուրբ է։ Այսինքն՝ «Վասն Հայրենյաց և վասն հավատո» պատերազմը չի հակասում Աստվածաշնչին։ Եվ իզուր չէ, որ Հայ Եկեղեցին սրբացրել է Վարդանանց։

Մնացած դեպքերում զենքի ամեն մի գործածություն, ինչ նպատակով էլ որ լինի Սբ. Գիրքը արգելում է (Ուրիայի դեպքը)։ Նույնը կարելի է ասել նաև մեր օրերի համար։ Սերը մերձավորի հանդեպ, սերը հայրենիքի հանդեպ պարտավորեցնում է մեզ առաջին հերթին պաշտպանել նրանց։ Վեցերորդ պատվիրանը («Մի՛ սպանիր»), վերաբերում է անհատին, հետո ազգին։ Ավետարանի բերած սերը, ներողամտությունը ամեն մի ընտանիքի, ժողովրդի ամրության, անխափանության, հավիտենականության և անբաժանելության գրավականն է։

Չարին բարիով պատասխանելը, բարիով հաղթելը – բնորոշ են միայն քրիստոնյաներին։ Այս է մեր ապահովության երաշխիքը։ Սերը մերձավորի, ընկերոջ, մտերիմի նկատմամբ – ժողովրդի միասնության երաշխիքն է։ Ներողամտությունը – ընտանիքի ու ժողովրդի կայունության չափանիշներն են։

Դուրս գալ այս նույն տրամաբանութեամբ ազգամիջյան ասպարեզ -սխալ է։ Պահանջել, որ բոլոր ազգերը ապրեն և առաջնորդվեն Լերան քարոզով, զենք չկիրառեն – չենք կարող։ Չենք կարող նաև բացատրել պատերազմների գոյությունը, ազգամիջյան ընդհարումները, դրանց կանխումը։

Մի բանում կարող ենք վստահ լինել, որ եթե իրոք Քրիստոս թագավորի բոլոր մարդկանց սրտերում – չեն լինի ո՛չ պատերազմներ, ո՛չ էլ սպանություններ։ Սա է Աստծո Թագավորությունը երկրի վրա։ Իսկ հիմա, ամենամեծ հաղթանակը թշնամու նկատմամբ, նրան բարեկամ դարձնելն է։ Սա է Սուրբ Գրային սկզբունքը, նման հարցերի մէջ կողմնորոշվելու համար։

Հարց. –ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՔՐԻՍՏՈՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՍԻՐԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ․ ԱՊՏԱԿՈՂԻՆ ՄՅՈՒՍ ԵՐԵՍՆ ԷԼ ԴԱՐՁՆԵԼ:

Պատասխան. –Առաջին հերթին, ինչպես ասվեց վերևում, անհատական և ներազգային տեսակետից սա գոյատևելու միակ ճիշտ բանաձևն է։ Եվ եթե այդ նույն բանաձևը տարածվի ազգայինից դուրս՝ կատարյալ հաղթանակ է։ Բայց ամեն ինչ չի կարելի նույնացնել։ Ինչպես գիտենք, Նոր Կտակարանը գրվել է հին հունարենով։ Հին հունարենում կան մի քանի բառեր, որոնք մյուս լեզուներում թարգմանվում են մեկ բառով միայն՝ Սեր։ Այդ հոմանիշ բառերը որոշ երանգներով տարբերվում են իրարից։

Մեկը (ստրոգե) նշանակում է ավելի ընտանեկան սեր հոր եւ որդու, մյուսը (ֆիլոս)՝ մարդկային, իմացական սեր, իսկ մեկ ուրիշն էլ (ագապե)՝ աստվածային էությամբ լեցուն սեր։ Այս վերջին բառն էլ օգտագործված է վերոհիշյալ համարում Մատթ. Ե. 48: Մեր մտերիմներին մենք սիրում ենք մի սիրով, որ բխում է մեր միջից, սրտից ստրոգե, այնինչ նույն ձևով չենք կարող սիրել մեր թշնամիներին։

Այդ սերը ագապե երկնային է և չի բխում մեր միջից՝ այլ Աստծուց։ Քրիստոսին հետևողը իրեն հանձնում է Աստծուն, և հաղորդ է լինում այդ աստվածային սիրուն։ Երբ մեր սրտերում ապրում է Քրիստոս, մեր մեջ մեռնում է կոպտությունն ու թշնամությունը և ծնվում է Սերը։

Հենց սա էլ նշանակում է Ավետարան՝ Բարի Լուր։ «Աստված սեր է» – գրում է Հովհաննես առաքյալը (Ա Յովհ. Դ, 8), օգտագործելով այդ նույն բառը (ագապե) վերջին իմաստով։ Ուրեմն թշնամուն սիրելու համար պետք է Վերստին ծնվել, Ավետարանի լույսով աճել և Քրիստոսի մեջ մնալ։ Եվ այդ դեպքում է, որ մեզ ապտակողը տեսնելով մեր դիրքը (Քրիստոսի խոսքի համաձայն)՝ կպարտվի և մենք հաղթանակած դուրս կգանք։ Երկրորդ ապտակով ապտակողը ինքն իրեն կապտակի։

Տեր Հովսեփ Ա քահանա Հակոբյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ