Մանկահասակ քեռիներիս թուրքերը խլել են հարազատներից ու սպանել նրանց աչքի առաջ

Արմենակ Մուրադյանի պատմությունը
1892թ., Բասեն
80-ամյա Ֆլորա Մուրադյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր և մոր պատմությունը: Նրանք բնակվել են Բասենի շրջանում: Ցեղասպանության ժամանակ կորցրել են բոլոր հարազատներին՝ հայր, մայր, քույր ու եղբայր, և երկուսով հաստատվել Բաքվում, այնտեղից էլ տեղափոխվել Գյումրի:
«Հայրս՝ Արմենակ Հայրապետի Մուրադյանը, ծնվել է 1892-ին Բասենի վիլայեթի Դալիբաբա (թուրքերը փոխել են՝ Վելիբաբա) գյուղում: Արմենակը մեծ եղբոր՝ Երանելի Մուրադյանի (ծնված 1888թ.) սովորել է Կարսի ազգային դպրոցում:
1914-ին թուրքերը գյուղի աչքի ընկնող մարդկանց հավաքում և տանում են՝ իբրև ճանապարհ կառուցելու, որոնց թվում Երանելի Մուրադյանին, մորական կողմից պապիկիս՝ Կիրակոս Գալոյանին, և ճանապարհին սպանում են բոլորին:
Մայրս՝ Հերիքնազ Պողոսի Գալոյանը, ծնվել է 1902-ին Դալիբաբա գյուղում: Ծնողներս գաղթում են 2 անգամ՝ 1914 և 1916 թվականներին: Առաջին գաղթի ճանապարհին կորցնում են շատ հարազատների՝ պապիկիս ու տատիկներիս, մորաքրոջս, փոքրիկ քեռիներիս, որոնց թուրքերը խլում են հարազատներից ու սպանում նրանց աչքի առաջ:
1916-ին հայրս ծառայում է ազգային բանակում: Լսելով գաղթի մասին՝ գալիս է օգնության Անդրանիկի կողմից մի փոքրիկ գրություն ձեռքին և կարողանում է գյուղի սայլերը հասցնել Ռուսահայաստան, սակայն գյուղում թողնում է արդեն սպանված բազմաթիվ հարազատներն: Գիշերով հետ է վերադառնում, թաղում է սպանվածներին և վրեժով լցված վերադառնում է ծառայության:
1918-ին ծնողներս ամուսնանում են, բնակվում Բաքվում, այնուհետև տեղափոխվում են Լենինական, ունենում են 4 զավակ, բոլորին տալիս են բարձրագույն կրթության: Մայրս և հայրս երգում էին ազգային երգեր և սովորեցնում նաև մեզ, այնպես գունեղ էին նկարագրում իրենց գյուղը, որ եթե այսօր էլ,ինչպես մայրս էր ասում, Էրկիրը բացվի, ոտաբոբիկ կգնամ ու մոմ կվառեմ հայրական օջախիս ամեն մի քարին»:
Աղբյուր` ArmenianGenocide100.org