22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախարար Նալբանդյանի ելույթը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հարգելի՛ Տիկին Պետքարտուղար,

Հաճույքով եմ ձեզ նորից ողջունում Հայաստանում: Անցյալ անգամ ձեր այցը համընկավ ԱՄՆ Ազգային տոնի՝  հուլիսի 4-ի հետ: Այս այցը համընկնում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս համընկումները դրական խորհրդանիշ են պարունակում:

Երեւանյան նախորդ եւ այս այցի միջեւ անցել է երկու տարուց մի փոքր պակաս ժամանակ, բայց այս ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու Վաշինգտոնում եւ տարբեր քաղաքներում միջազգային համաժողովների շրջանակներում: Անկախ նրանից, թե տարվա որ ամսին եւ որտեղ են անցել այդ հանդիպումները, դրանք եղել են բացառապես ջերմ, բովանդակալից եւ արդյունավետ, պարունակել են կարեւոր եւ դրական ուղերձներ: Ձեր այցը Հայաստան, տարածաշրջան վկայում է այն առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը տածում է Հարավային Կովկասի նկատմամբ: Հայաստանի եւ ԱՄՆ ղեկավարությունների միջեւ հանդիպումները, ես հատկապես կառանձնացնեի նախագահներ Սարգսյանի եւ Օբամայի հանդիպումը 2010-ի ապրիլին Վաշինգտոնում, վկայում են հարաբերությունների խորացման մեր մեծ կամքի մասին:

Հարյուրամյակից այն կողմ ձգվող մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, որի մեջ առանձնահատուկ է նաեւ ամերիկահայ համայնքի դերակատարությունը, տրամաբանորեն արտացոլվեց երկու տասնամյակը բոլորած հարաբերությունների՝ միջպետական հարթությունում:

Երկկողմ ջանքերի շնորհիվ, Տիկի՛ն Պետքարտուղար, ձեր անձնական՝ անգնահատելի ավանդով մեր միջեւ գոյություն ունեցող փոխվստահությունը եւ  փոխըմբռնումը բարեկամական գործընկերության հետագա ընդլայնման լավագույն հենասյուներն են:

ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը, որն  արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, վերաբերում է այնպիսի կարեւոր ոլորտների, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ժողովրդավարության խորացումը, օրինականության գերակայությունը, տնտեսության արդիականացումը: Մենք սերտ փոխգործակցություն ունենք նաեւ միջազգային ասպարեզում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման շուրջ, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում, Կոսովոյից մինչեւ Աֆղանստան խաղաղապահ առաքելություններում, գլոբալ այլ մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր իր շարունակական աջակցությունն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը գտնվում է  ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի մշտական ուշադրության կենտրոնում: Համանախագահ մյուս երկրների հետ, ԱՄՆ-ը գործադրել է ինտենսիվ ջանքեր եւ ընդունել բարձր մակարդակի բազմաթիվ կարեւոր համատեղ հայտարարություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Տիկի՛ն Պետքարտուղար, մեկ անգամ չէ, որ մենք արտահայտել ենք նույն մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ մոտեցումը եղել եւ մնում է հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների: Այս գործընթացում դուք ունեցել էք բացառիկ ներդրում: Ցավոք, գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում:

Դեռեւս 20 տարի առաջ Պետքարտուղար Ջեյմս Բեյքըրը նշում էր, որ ազատ, ժողովրդավարական, անկախ Հայաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ը, կիսում են նույն՝ ժողովրդավարության, ազատության, շուկայական հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որն այսօր արդեն մարդասիրական օգնությունից աստիճանաբար վերածվում է զարգացման ծրագրերի եւ փոխշահավետ համագործակցության:

Հարգելի՛ տիկին Պետքարտուղար, մենք երախտագիտություն ենք հայտնում Նախագահ Օբամայի վարչակազմին եւ Ձեզ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդման հարցում Ձեր անձնական նվիրվածության եւ առանձնահատուկ ներդրման համար: Ես լիահույս եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նոր՝ առավել լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերություններում:

Կրկին անգամ կցանկանայի ողջունել Ձեզ, Տիկին Պետքարտուղար եւ ձեր պատվիրակությանը Հայաստանում:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ