Վրաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանանը երեկ հրավիրվել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հայտնում է apsny.ge-ն:
Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման հետ: Այդ մասին տեղեկություն էին տարածել հարավօսական լրատվամիջոցները:
Գիգիաձեն խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի դեսպանին` նշյալ հանդիպման հետ կապված եւ ասել է, որ դա հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջև ավանդական բարեկամական միասնությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին:
«Փոխարտգործնախարարը նաև զարմանք է հայտնել տարածված տեղեկատվության կապակցությամբ, թե հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ: Նա ասել է, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է բարեկամական երկրի պաշտոնյաների կողմից օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ամեն բնույթի շփում ունենալը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի դեսպանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հայտարարել է, որ պաշտոնական Երևանն անհապաղ կիրազեկվի Վրաստանի տվյալ դիրքորոշման մասին: