Պարտություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում ասվում է.
«Երկու ամիս առաջ Հանրապետականի համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանը հնչեցրեց այն 4 ուղղությունները, որոնցով գործունեություն է ծավալելու Հանրապետական կուսակցությունը նախընտրական շրջանում: Դրանցից երեքը արդեն իրականացվել են՝ «պոստնիկոլ» ծրագիրը, ցույցերը, ինչպես նաև իրազեկման ակցիաները՝ «Գնա’, որ գնան» խորագրով: Հերթը հասել է չորրորդ կետին:
Հանրապետականն առաջարկում է, որ ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակների առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն: Իհարկե, գրեթե բոլոր ուժերը արդեն ասել են, որ Փաշինյանի հետ չեն համագործակցելու և այլն, բայց մենք առաջարկում ենք՝ հաշվի առնելով դառը փորձը, որ յուրաքանչյուր թեկնածու ինքն իր խոսքով պարտավորություն ստանձնի, որ իր գործունեությամբ կամ անգործությամբ չի նպաստելու Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ականի վարչապետ դառնալուն, ՔՊ-ի իշխանության վերարտադրվելուն:
Այս այս տեսանյութի անվանման մեջ կլինի նաև հրապարակային պարտավորության տեքստը. այստեղ թվարկած են Փաշինյանի հիմնական դավաճանությունները և յուրաքանչյուր պատգամավորի թեկնածուի առաջարկվում է ստանձնել անհատական պարտավորություն:
Կարծում եմ, որ այս ընտրությունները այնքան էական են, որ մեր քաղաքացիները հստակ պիտի գիտակցեն, որ այս կամ այն թեկնածուն անձնապես խոստացել է որևէ կերպ չնպաստել Փաշինյանի իշխանության վերարտադրությանը:
Ֆորմատի, ձևաչափի հարցում բացարձակ որևէ խնդիր չկա: Ուզում եք՝ ֆեյսբուքյան գրառմամբ, ուզում եք՝ ձեր հարցազրույցներում, նախընտրական քարոզչական հանդիպումներում, իրազեկման ակցիաներում, բանավեճերում. ոնց ուզում եք պարզապես ֆիքսեք անհատական մակարդակով, որ որևէ կերպ չեք նպաստի Փաշինյանի իշխանության վերարտադրությանը:
Այս շրջանում ընդունված է կանխատեսումներ անել, մի կանխատեսում էլ ես անեմ՝ մի բան հաստատ գիտեմ, եթե գնաս ընտրության, սրանք կգնան։
Պարտություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին»։











































