Թե ինչ հակահայկական քայլեր ու նարատիվներ է այսօր․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատմության մեջ հաճախ են հանդիպում ղեկավարներ, որոնց գործունեությունը հետագայում սկսում է գնահատվել ոչ միայն իրենց պետության ներսում իրականացրած քաղաքականությամբ, այլ նաև՝ այն պատմական հետևանքներով, որոնք նրանք թողնում են իրենց հետևից։ Այդ իմաստով բավական հետաքրքիր է համեմատական դիտարկել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Գորբաչովի քաղաքական կերպարները։ Չնայած նրանք գործել են տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր պետություններում, այնուամենայնիվ, նրանց քաղաքական վարքագծում և ձևավորված կերպարում կարելի է նկատել մի շարք խորհրդանշական ու բովանդակային զուգահեռներ։
Առաջին հայացքից անգամ աչքի ընկնող է սիմվոլիկ մի հետաքրքիր զուգահեռ։ Գորբաչովի ճակատի վրա գտնվող հայտնի ծննդյան խալը երկար տարիներ հանրային խոսույթում մեկնաբանվում էր որպես Խորհրդային Միության քարտեզ հիշեցնող պատկեր։ Դա, բնականաբար, ավելի շատ հեգնական կամ խորհրդանշական մեկնաբանություն էր, սակայն խորհրդային քաղաքական մշակույթում այն հաճախ կապվում էր պետության ճակատագրի հետ։ Ժամանակակից հայկական քաղաքական դիսկուրսում նմանատիպ սիմվոլիկ պատկեր է ձևավորվել Փաշինյանի շուրջ, երբ վերջինս տարբեր առիթներով կրծքին փակցված Հայաստանի քարտեզով ոչ միայն հանդես է գալիս հանրային հարթակներում, այլ այդ քարտեզի շահարկումը մի տեսակ մոլուցքային տարրեր է իր մեջ պարունակում։ Քաղաքական հաղորդակցության տեսանկյունից նման խորհրդանիշերը նպատակ ունեն ղեկավարին ներկայացնել որպես պետության մարմնավորող կերպար, սակայն պատմության ընթացքում հաճախ տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ երբ հենց այդ նույն խորհրդանիշը հետագայում դառնում է պետության ճգնաժամերի հետ ասոցացվող նշան։ Դե հայտնի շլյապայի մասին ընդհանրապես ասելու բան չկա՝ ամբողջովին սիմետրիկ պարոդիա է։
Հատկանշական է, որ այս երկուսի քաղաքական կենսագրություններում առանցքային դերակատարություն ունի նրանց ընտանիքը։ Խորհրդային իրականության մեջ լայնորեն հայտնի էր Ռաիսա Մաքսիմովնայի ազդեցությունը։ Նա ոչ միայն մշտապես ուղեկցում էր Գորբաչովին միջազգային այցերի ժամանակ, այլև ակտիվ մասնակցություն ուներ հանրային և գաղափարական նախաձեռնություններում՝ փաստացի ձևավորելով խորհրդային առաջնորդի կողքին կանգնած ազդեցիկ հանրային կերպար, ինչպես նաև առանցքային դեր ուներ կադրային քաղաքականության և որոշումների կայացման հարցում։ Նմանատիպ իրավիճակ կարելի է նկատել նաև Փաշինյանի պարագայում, երբ Աննա Հակոբյանը 2018-ի «գունավոր հեղափոխությունից» հետո, սկսեց հանդես է գալիս ոչ միայն որպես քաղաքական ղեկավարի ընտանիքի անդամ, այլ նաև որպես ինքնուրույն «գաղափարական» նախաձեռնությունների հեղինակ և հանրային գործընթացների ակտիվ դերակատար․ հաճախ նաև հենց Հակոբյանն էր իր վրա վերցնում հանրային տարբեր թեմաներին հրապարակային հակադարձելու, Փաշինյանի «թասիբը» պահելու հանձնառությունը։
Կառավարման ոճի տեսանկյունից ևս կարելի է նկատել որոշակի ընդհանրություններ։ Գորբաչովը իշխանության եկավ խորհրդային համակարգի բարեփոխման խոստումներով և սկսեց լայնածավալ քաղաքականություն, որը պատմության մեջ հայտնի դարձավ որպես «перестройка» և «гласность» կարգախոսներով։ Սկզբնական փուլում դրանք ներկայացվում էին որպես համակարգի արդիականացման և ժողովրդավարացման գործընթացներ, սակայն դրանց ընթացքը բերեց խորհրդային պետական կառույցների աստիճանական թուլացման։ Ի վերջո այդ գործընթացները նպաստեցին Խորհրդային Միության փլուզմանը։ Գորբաչովի քաղաքականության հիմնական քննադատությունն այն էր, որ նա սկսեց լայնամասշտաբ վերափոխումներ՝ չունենալով համակարգային հստակ ռազմավարություն և ինստիտուցիոնալ կայուն մեխանիզմներ։
Գրեթե նույն պատկերն է Փաշինյանի դեպքում։ Նրա քաղաքական խոսույթում ևս սկզբնական շրջանում գերակշռում էր համակարգային «վերափոխումների» գաղափարը, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ բազմաթիվ ոլորտներում իրականացվող փոփոխությունները ուղեկցվում էին ինստիտուցիոնալ անկայունությամբ։ Բանակի, արտաքին քաղաքականության, պետական կառավարման և դիվանագիտական համակարգի շուրջ ձևավորված քննարկումները հաճախ մատնանշում են այն հանգամանքը, որ որոշումների կայացման գործընթացում նկատվում է բարձր փոփոխականություն։ Մի այլ էպոպեա է կոռուպցիայի թեման, որը Փաշինյանի հիմնական խաղարկվող խաղաքարտերից էր, հրապարակավ հայտարարում էր, թե «Հայաստանում կոռուպցիան արմատախիլէ արված», սակայն «գետնի վրա» ներկայումս լրիվ այլ իրականություն է։
Գորբաչովի քաղաքական գործունեության շուրջ հետխորհրդային տարածքում ձևավորվել են նաև տարբեր գնահատականներ։ Մի կողմից նա ներկայացվում է որպես բարեփոխիչ առաջնորդ, որը փորձեց ազատականացնել խորհրդային համակարգը։ Մյուս կողմից, հատկապես նախկին խորհրդային հանրապետություններում տարածված է այն տեսակետը, որ նրա քաղաքականությունը բացեց ճանապարհը Խորհրդային Միության փլուզման համար։ Այդ քննադատությունների շրջանակում ժամանակ առ ժամանակ հնչել են նաև պնդումներ, թե Գորբաչովը կարող էր գործել արտաքին ուժերի շահերին համահունչ կամ նույնիսկ դիտարկվել որպես «գործակալ»։ Թե ինչ հակահայկական քայլեր ու նարատիվներ է այսօր, ամենօրյա ռեժիմով, իրականցնում Փաշինյանը, կատարվում է բոլորիս աչքի առաջ՝ ծառայամտորեն սպասարկելով թյուրքական շահերը»։











































