Լավ չէ երեխաների հացն առնել եւ շներին տալ
«Նա էլ պատասխան տվեց և ասաց և ասաց. Լավ չէ երեխաների հացն առնել և շներին գցել» (Մատթևոս 15.26):
Այս պատմությունը մի քանանացի կնոջ մասին է, որը խնդրում է իր դիվահար աղջկա համար։ Հիսուսը պատասխանում է․ «Լավ չէ երեխաների հացը առնել և շներին տալ», սակայն կինը ասում է․ «Շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»։
Եկե՛ք այս պատմությունը նայենք մեր օրերում․
- Ովքե՞ր են երեխաները։ Ինչպե՞ս ենք մենք դառնում Աստծո զավակներ։
Հիսուսը Նիկոդեմոսին ասաց, որ պետք է նորից ծնվել. մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը՝ հոգի (Հովհաննես 3։6)։ «Բայց որոնք, որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են, որոնք ո՛չ արյունից և ո՛չ մարմնի կամքից և ո՛չ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհաննես 1։12-13)։ Աստծո երեխաները Հոգուց ծնվածներն են, վերստին ծնվածները, Հիսուսին հավատացողները և ընդունողները։
- Ի՞նչն է երեխաների հացը։
Հռոմեացիս 8.16-17
«Նույն Ինքը՝ Հոգին վկայություն է տալիս մեր հոգուն , որ մենք Աստծո որդի ենք։ Եվ եթե որդի, ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ»։
Հացը մեր հոգևոր ժառանգությունն է, խոստումները՝ պտուղներն ու տաղանդները։
- Ինչե՞րն են շները։
Շները մարմնավոր ցանկություններն են, աշխարհային գործերը, հոգսերը, հաճույքները։
«Հոգով գնացե՛ք և մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը հոգուն ցանկանում է հակառակ, իսկ հոգին՝ մարմնին։ Եվ սրանք իրար հակառակ են»(Գաղատացիների 5.16-17)։
«Խոսքը ասում է, որ Աբրահամը երկու որդի ուներ. մեկը՝ աղախնից, մյուսը՝ ազատից։ Բայց ինչպես այն ժամանակ մարմնի կողմից ծնվածը հալածում էր նրան, որ հոգու կողմից էր ծնված, այնպես էլ հիմա։
Բայց ի՞նչ է ասում գիրքը· «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ժառանգություն չպիտի ստանա ազատի որդու հետ։ Մենք աղախնի որդիք չենք, այլ ազատի» (Գաղատացիս 4.22, 29-30)։
Մենք ապրում ենք այնպիսի օրերում, որ մեզ շրջապատում են շները՝ աշխարհային ցանկությունները։ Եվ մենք անընդհատ վերցնում ենք մեր հոգու հացը՝ թողնելով մեր հոգին՝ «երեխային» սոված, թուլացած, և տալիս շներին՝ մարմնավոր ցանկություններին, կիրքերին։
Ժամանակակից հավատացյալները պարտված են և հոգեպես սնանկացած։ Ժամանակը մեզ միշտ չի բավարարում, քանի որ դրա համար մենք պետք է գին վճարենք։
«Ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են» (Եփեսացիս 5.16):
Մենք փորձում ենք մեր խիղճը հանգստացնել՝ ասելով` «թե մարմնավոր գործերս կարգի կբերեմ, հետո կապրեմ հոգևոր կյանք»։
Բայց այդ գործերը երբեք չեն վերջանում, այլ գնալով շատանում են, ինչպես ձնագնդին, երբ գլորում ենք, գնալով ավելի է մեծանում, և այն դժվարանում ենք տեղից շարժել:
Այդպես էլ մեր մարմնավոր գործերն ու նպատակներն են։ Հիսուսի խոսքերից մենք կարող ենք շատ կարևոր դաս առնել: Լավ չէ մեր ժամանակը, կարողությունները, ուժը, եռանդը տալ արտաքին մարմնավոր բաներին՝ մոռանալով ամենակարևորը՝ մեր հիմքը, մեր անմահհոգին։
«Հոգին է կենդանացնողը, մարմինը շահ չունի»։ Մարդը միայն մահից առաջ է հասկանում, որ նա իր հոգու հացը տվել է շներին։ Ապրելով երկրի վրա՝ մենք չենք կարող անտեսել երկրային կյանքի իրականությունը՝ մարմնի կարիքները։ Մատթևոս 15.27 «Շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»։
Այո, թող շները՝ երկրավոր կարիքները, կերակրվեն փշրանքներից, և ոչ թե հոգին՝ շների փշրանքներից։
«Մեկը չլինի անսուրբ Եսավի պես, որ կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց, թեև հետո ուզեց օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց» (Եբրայեցիների 12.16-17)։
Մեր օերում էլ շատերը Եսավի պես ծախում են Աստծուց տրված թանկ ժամանակը, տաղանդները, հոգևոր պարգևներն ու պտուղները՝ մոռանալով ամենակարևորը․ «Հոգին է կենդանացնողը, մարմինը շահ չունի»։
«Նրա համար, ինչպես Սուրբ Հոգին ասում է , այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիների 3.7)։
Սուրբ Հոգուց հացը տրվում է ամեն օր ամեն հավատացողին, որ մեր հոգին կերպարանափոխվի ամեն օր՝ Քրիստոսի նման լինելու։ Պողոս առաքյալը ասում է, թեև օրեցօր մեր արտաքին մարմինը փչանա, բայց մեր ներսի մարդը՝ Աստծուց ծնված հոգին, օրեցօր պիտի զորանա։
Սիրելինե՛ր, մի՛ վերցրեք հոգու հացը և տվեք մարմնավոր բաներին, որովհետև այդ հացը ուտելով՝ պիտի հասնենք Երկնային Արքայություն։ Հոգին Աստծունն է. երկինք կգնա, մարմինը հող է. հողին կդառնա։
Համլետ Սանեյան
ԱՀՔ Սևանի «Ավետաբեր» եկեղեցու երիտասարդական ծառայության հովիվ
Աղբյուրը` crossnews.am