15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում. Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Արփիկ Սիմոնյան․ «Պարոն Աշոտյան, իմացանք, որ Հունգարիան Ադրբեջանի խաթր խոչընդոտել է Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը: Սա ի՞նչ է նշանակում»:

Արմեն Աշոտյան․ Սա նշանակում է, որ Նիկոլի արկածախնդիր արտաքին քաղաքականությունը հերթական ֆիասկոն է ապրել: Սա նշանակում է, որ ստորաքարշ և անողնաշար պահվածքը մշտապես եղկելի է և պատժելի: Երկու տարի առաջ Նիկոլը գնաց Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, առանց հունգարական կողմից Ռամիլ Սաֆարովի սկանդալային արտահանձնման հետ կապված անգամ ֆորմալ կամ պրոտոկոլային զղջման կամ ներողության: Այն, ինչ արել էր վարչապետ Օրբանը 2012-ին, ցինիկ էր և անբարոյական, բայց այն, ինչ արեց Նիկոլը 2022-ին այս հարցով և՛ պատվազուրկ էր, և՛ քստմնելի:
Եվ քանի որ Փաշինյանը այդքան հեշտ և թռվռալով ուրացավ Գուրգեն Մարգարյանի արյունը, հունգարական կողմի համար չկա և ոչ մի արգելակ կամ զղջման առիթ պրոադրբեջանական քաղաքականության բացահայտ հետապնդման համար: Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը: 2012-ից հետ, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կամային որոշմամբ խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Հունգարիան ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ որևէ կենսական և կարևոր հարցով չի խոչընդոտել Հայաստանին: Բերեմ մի քանի ապացույց. 2013-ին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիր, 2017-ին ստորագրված Հայաստան-ԵՄ CEPA-ն, ԵՄ կողմից ֆինանսական աջակցություններ, որոնք մշտապես Հայաստանի համար ավելի մեծ չափով են հատկացվել, քան Ադրբեջանին: Պարադո՞քս է, չէ՛. Սերժ Սարգսյանը խզեց կապերը Հունգարիայի հետ, բայց Հունգարիան Հայաստանին չէր խոչընդոտում, իսկ Նիկոլը հեշտ ու հանգիստ <<բարիշեց>>, բայց Օրբանը բացահայտ Ադրբեջան է լոբբինգ անում՝ Հայաստանի հաշվին: Հարցը ամփոփեմ հետևյալ դիտարկմամբ: Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ կթմբկահարի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մասին, Բրյուսելի սեյֆերը բացելու վրա, Ադրբեջանը ստացել է էֆեկտիվ լծակ:

Սուսաննա Սիմոնյան․ «Մի հարց ունեմ, պարոն Աշոտյան: Ժողովուրդը պայքարում է և փակել է ճանապարհը: Եթե էսպես փակ պահեն, թուրքը չի՞ գա կոտորի ժողովրդին»:

Արմեն Աշոտյան․ Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում: Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի: Գուցե կրկնվեմ. Տավուշում ժողովուրդը պայքարում է հետևանքների դեմ, Երևանը պիտի պայքարի պատճառի դեմ: Չի կարելի բուժել թոքաբորբը՝ միայն ջերմությունը իջեցնելով, պետք է մեծ դոզայով անտիբիոտիկներ ընդունել: Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած:

Նարինե Մովսիսյան․ «Եթե Նիկոլին վռնդենք, ոնց ենք հաստատելու ստատուս քվոն: Ի՞նչ ճանապարհով ենք ուղղելու իրավիճակը»:

Արմեն Աշոտյան․ 30 տարի տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն փոխվեց 2020-ի Նոյեմբերի 9-ից հետո: Ավելին, ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ դրանից հետո որևէ ստատուս քվո այլևս չկա, որովհետև իրավիճակը հետևողականորեն փոխվում է և վատթարանում հայ ժողովրդի համար: Այսօր իրավիճակը ավելի վատն է, քան երեկ, իսկ վաղը էլ ավելի վատն է լինելու, քան այսօր: Նման բացասական իմաստով դինամիկ և շարունակական փոփոխությունները վկայում են այն մասին, որ առհասարակ ստատուս քվո այլևս կամ դեռևս չկա: Երբ խոսքը գնում է եղածը վերադարձնելու մասին, ապա եկեք ուղիղ խոսենք. այսօր մինչև «վերադարձնելը» ավելի սուր է և արդիական եղածը պահելու հարցը: Որքան ուշացնում ենք իշխանափոխությունը, այնքան ավելանում են մեր կորուստները: Հիմա պատկերացրեք, թե ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլը իշխանազրկվեր 2020-ի նոյեմբերի 10-ին կամ չվերընտրվեր 2021-ի հունիսին կամ հրաժարական տար 2022-ի ցույցերի ժամանակ: Այսօր Հայաստանում կան տարբեր ոլորտների հմուտ և փորձառու գործիչներ և մասնագետներ բոլոր անհրաժեշտ ուղղություններով միջոցներ ձեռնարկելու համար՝ պաշտպանականից մինչև դիվանագիտական, տեղեկատվականից մինչև տնտեսական: Ես կարող եմ ասել, որ առկա են իրավիճակը շտկելու արտաքին քաղաքական միջոցներ և քայլեր, անգամ ստեղծված միջավայրում, նույնիսկ Արցախի հարցով:

Տիգրան Ասատրյան․ «Եկեղեցու անհաջողության դեպքում կլինի՞ այլ հնարավորություն այլևս»:

Արմեն Աշոտյան․ Թույլ տվեք մի քիչ չհամաձայնել հարցի ձևակերպման հետ և հստակ շեշտել, որ ծավալվող պայքարը եկեղեցունը չէ, այլ ժողովրդինը: Եվ եկեղեցին ճիշտ իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության: Հայ եկեղեցու դեմ իշխանական ոհմակի հարձակումները անակնկալ չեն, քանի որ եկեղեցին ոչ միայն հրաժարվեց մասը դառնալ Փաշինյանի օկուպացիոն արքունիքի, այլև տեսանելի և համոզիչ կերպով ընդլայնում է իր հեղինակությունը ժողովրդի մոտ: Նիկոլականների սատանայական ագրեսիան Առաքելական եկեղեցու հանդեպ ապացուցում է, որ նրանք ոչ թե այլ Աստված են դավանում, այլ առհասարակ անաստված են, ուստի՝ շատ ավելի վտանգավոր այս հանգամանքը նույնպես կանխատեսելի էր. ինչպես կարող էին հայրենիք, բարոյականություն, պատիվ չունեցող մարդիկ Աստված ունենային… Ժողովրդի պարագայում իրավիճակը չպիտի նմանվի Ավարայրի ճակատամարտից առաջ հայերի պահվածքի մասին դառը անեկդոտին։ Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից:

Դավիթ Կիրակոսյան․ «Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինաուգուրացիային, ինչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»:

Արմեն Աշոտյան․ Նման մի հարցի նախորդ անգամ անդրադարձել էի: Այստեղ կհավելեմ միայն, որ մեր տարածաշրջանային իրողությունները այնպիսին են, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզումը կփլուզի նաև թուրք-ադրբեջանական վիշապին զսպող վերջին պատնեշները: Երբ Փաշինյանն ասում է, որ առանց երրորդ կողմի պիտի սովորենք ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետը ԱՄՆ-ի մասով, ինչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունը այդ դեպքում: Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով): Մինչև պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերը ամրացնելու և Մոսկվայի հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ: Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունը այս խնդրի հետևանքներից էր:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔՀԿ

03.05.2024

aravot.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ