Նիկոլ-Ալիև-Էրդողան տրիոն պարում է տանգո в троем. Հայաստանի դարպասապահը թշնամու կողմից վարձված է
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
2024 թվականը շատ ծանր է լինելու թե տարածաշրջանի, թե Հայաստանի համար:
Ակնհայտ է, որ խաղաղություն կոչվող դարաշրջանում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են բերել դագաղներ, մահեր, ավերներ։
Աշխարհը եռում է, միևնույն ժամանակ՝ Հայաստանի կառավարիչները շարունակում են ջայլամի իրենց քաղաքականությունը։ Փաշինյանի ռեժիմի շարունակականության դեպքում Հայաստանի ադրբեջանացումն անխուսափելի է․ «խաղաղության պայմանագիր» կոչված սև թղթի՞, թե՞ պատերազմի տեսքով՝ ընտրության հարց է։ Վտանգավորն այն է, որ մեր դարպասի դարպասապահը վարձված է թշնամու կողմից։
Վստահ չեմ, որ Ադրբեջանը կգնա խաղաղության պայմանագրի․ ինչո՞ւ պիտի գնա, եթե Նիկոլ Փաշինյանը բավարարում է Ալիևի բոլոր պահանջները։ Եթե Փաշինյանին թվում է, որ Ադրբեջանի ախորժակը սահմանափակ է, խորապես սխալվում է։
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը եղել է Ղարաբաղյան հարցը։ Նիկոլն այն ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Երբ սրա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գնում ու խոսում է հայանպաստ առաջարկներից, ուզում եմ հարցնել՝ հայանպաստը ո՞րն է, որ քո հայրենիք Մարտունին տվեցիք թուրքի՞ն։
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 2-րդ եռակողմ պայմանագրի ստորագրման ժամանակ՝ 2021թ․ հունվարի 11-ին, դուխ չարեց խոսել գերիների հարցից։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Նիկոլ Փաշինյանն անխոչընդոտ ճանապարհ է խոստացել Ադրբեջանին։ Ինչո՞ւ ես ստորագրել, որ ФСБ-ն վերահսկի այդ ճանապարհը, ու հիմա էլ դժգոհում ես Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթից։
Եթե դու ասում ես՝ Նոյեմբերի 9-ի պայմանագիրն առոչինչ է, իսկ այդ փաստաթուղթը, հիշեցնենք, որ զինադադարի մասին է, նշանակում է դու Ալիևի ձեռքերն արձակում ես նոր պատերազմի համա՞ր։
Այս մարդը թուրքական 5-րդ շարասյան շահառու է․ Փաշինյանն ամեն ինչ անում է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու համար։
Ասում են՝ հրահանգ կա պետական գերատեսչություններից հանել Արցախի խորհրդանիշները։ Ով հանի՝ թուրքի կամակատար է։ Վաղն էլ արգելելու են Եռաբլուր գնալ։
30 տարի մեզ մեր բանակն է պահել։ Հայաստանի բոլոր 3 նախագահների օրոք կարևորը բանակն է եղել, իսկ սրանց համար կարևորն իրենց իշխանությունը պահելն է։
Հայաստանի նախկին որևէ նախագահ 300.000 դոլար փող է տվել, որ գնա ԱՄՆ, գա՞, որևէ ղեկավար միլիոննե՞ր է տվել, որ իր սեփական առանձնատունը վերանորոգի․․․ Բա շքեղության դեմ էիք պայքարում։ Ընդամենը 3 ամիս առաջ հանձնեցին Արցախը։ Նենց սալյուտներ են անում, նենց Նոր տարի են նշում, ոնց որ Բաքուն գրավել են։ Բթացման պրոցես է գնում համատարած։
Կյանքում թուրքի ձեռքը չեղած վանքը՝ Գանձասարը, հանձնել են թուրքին, հիմա խոսում են Փարաջանովից, ռեխները բաց քեֆ են անում…
Հայտարարությունների տողատակերը պետք է կարդալ։ Ոչինչ պատահական չի լինում, այդ թվում՝ Փաշինյանի հայտարարությունները։ Այդ մարդը թուրքական նարատիվներով, լոմով ու մուրճով քանդում է հայոց պետականության հիմքերը։
Ես համոզմունք ունեմ, որ 2018թ․հեղաշրջումն իրականացվել է թուրք-ադրբեջանական ակտիվ ներգրավմամբ, որովհետև ինքը՝ Ալիևն է հայտարարել, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում ունեցել են ակտիվ մասնակցություն։
Չի կարող Հայաստանի պետականության գահավիժումը հավիտենական լինել․ մի օր հասնելու է հատակին ու ՎԵՐ ԲԱՐՁՐԱՆԱ։ Թուրքերն ու ադրբեջանցիները դա հասկանում են, ու այդ առումով Նիկոլ Փաշինյանն իրենց համար մեծ նվեր է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ատում են մեր ազգային հերոսներին, հայրենասեր գործիչներին, Անկախության հռչակագիրը։
«Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» հարցը սխալ է դրվում։ Բռնաբարված խաղաղությունն ո՞ւմ է պետք։ Պետք է հարցը դրվի՝ «խաղաղությո՞ւն, թե՞ անկախություն»։ Խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Հավերժ խաղաղություն չկա։ Ես պատերազմի կոչ չեմ անում, բայց ստրուկն էլ է խաղաղ ապրում, գերեզմանում էլ կա խաղաղություն։ Նիկոլը խաղաղություն գոռալով՝ 5 տարվա մեջ 3 պատերազմ է բերել։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի խաղաղություն ենք ուզում։ Ադրբեջանը մինչև իր ուզածը չստանա, խաղաղություն սրանց օրոք չի լինելու։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը Հայաստանը՝ որպես պետականություն, վերացնելն է։ Կարող է լինել ֆորմալ Հայաստանի Հանրապետություն, բայց դրա բովանդակությունը, ըստ նրանց ծրագրի, պետք է լինի էրմենիստան։ Այս մարդը խաղաղություն բերող չէ, դագաղ բերող է։ Խաղաղության երաշխիքը քո բանակն է։ 30 տարի այդպես է եղել։
Նիկոլի գնալը հնարավորություն կտա կանգնեցնել Հայաստանի գահավիժումը։ Սիրելի՛ ժողովուրդ, արժանապատվությունից թանկ բան չկա։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմն ուզում է, որ մենք դառնանք թուրքական վիլայեթ։ Իսկ ով ուրիշ բան է ասում, անվանում են ռևանշիստ։
Այո՛, պարտվել ենք, բայց պետք է դուրս գալ պարտվածի հոգեբանությունից։ Կիպրոսի կեսը Թուրքիան նվաճել է, բայց Կիպրոսի ոչ մի նախագահ չի ընդունում, որ Կիպրոսի այդ հատվածը թուրքական է։ Փոքր Կիպրոսը չի՞ հասկանում, որ դուրս է գալիս 85 միլիոնանոց Թուրքիայի դեմ։ Կամ Սերբիան։ Ողջ աշխարհի ճնշման տակ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։
Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական անտիռեյտինգն ամենացածրն է, որ ունի խնդիր, և, որ Արևմուտքն ունի փոխարինող իրեն, և քանի որ իր համար կարևորն իր իշխանությունն է, «կախիչ» էժանագին շոուով փորձում է փրկել իր իշխանությունը, և դա կարճաժամկետ էֆեկտ տալիս է։
Ես էլ եմ արտահերթ ընտրության հոտ առնում, ընտրություն, որը պարտադրված է Արևմուտքից։ Նիկոլն այս պահին անկանխատեսելի է Արևմուտքի համար, հետևաբար՝ Արևմուտքին պետք է նոր ձևավորված իշխանություն, որտեղ ինքը կունենա «100 տոկոս կոնտրոլնի պակետ»։ Արևմուտքին, բնականաբար, դուր չի գալիս, որ Նիկոլը գնում է՝ ռուսական աստղը պաչում ու հետ գալիս։ Արևմուտքին պետք է կամ փոխել Նիկոլին, կամ սահմանափակել նրա իշխանությունը։ Ակնհայտ է, որ որքան էլ դիմեն կեղծիքներին, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն չունի։ Հետևաբար՝ պետք է խաղացնեն Երևանի ավագանու սցենարը՝ Նիկոլին կպցնեն մի հակառուսական ուժի ու դամոկլյան սուրը կախեն նրա գլխին։
Նիկոլ Փաշինյանն իր էությամբ կառուցող չէ, քանդող է։ Նրան բերել են 3-րդ Հանրապետության հիմքերը քանդելու համար։ Երբ կավարտի իր գործը, Արևմուտքը նրան կտա անվտանգության երաշխիքներ ու կփոխարինի արևմտյան կրթություն ստացած, ավելի խելացի, հավասարակշռված, հետագիծ ունեցող պայմանական Արմեն Գրիգորյանով կամ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանով, որոնք ավելի վտանգավոր են, որովհետև իրենց վրա է դրվելու Հայաստանի թուրքացման սցենարի իրագործումը։ Հայկ Մարությանին բացառում եմ, որովհետև Արևմուտքը չի կարող կուլ տալ այն, որ Մարությանը կանգնեց Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Արևմուտքի թեկնածուն, կարծում եմ, Արմեն Գրիգորյանն է, ով նաև ծնունդով արցախցի է։ Սրանով էլ Արևմուտքը կփորձի մեծ ապտակ հասցնել բոլորիս՝ արցախցու ձեռքով Արցախն Ադրբեջան ճանաչելով։
Իշխանությանը հաջողվել է 2021թ.-ից հետո ստեղծել կեղծ ընդդիմադիր դաշտ, որոնք ավելի ապաքաղաքական են, ավելի ապազգային ու հակահիգիենիկ։ Լիցենզիայով ընդդիմություն են։ 2021թ․ավելի հեշտ էր․ մի կողմում Նիկոլ Փաշինյանն էր, մյուսում՝ իրական ընդդիմադիր, ազգային ուժերը։
Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա։ 15 հեղինակավոր երաշխավորներ, ընդ որում՝ տարբեր քաղաքական թևերից, գրավ․ ոչ մի բան հաշվի չառնվեց։ Սա փոքրիկ մարդու մեծ վրեժ է, վրեժ Սերժ Սարգսյանից, Արմեն Աշոտյանից, բոլորիցս։ Իհարկե, պետք է վախենա Արմեն Աշոտյանից։ Նրան կալանավորելով՝ փորձում են ընդդիմադիր գաղափարներ ունեցող հանրության աչքը վախեցնել։ Սա դասական ռեպրեսիա է, բոլշևիկյան տրոյկաների գործունեության տիպիկ օրինակ։
Քանի դեռ Նիկոլը կատարում է Արևմուտքի հրահանգները, Եվրոպան նրան պաշտպանելու է։ Եթե Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը հղի կին գցեր մեքենայի տակ, պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային այդ կառույցները, հկ-ները ի՞նչ կանեին։ Եթե ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, թքեի մեկի վրա, ինձ ի՞նչ կանեին, կմորթեին։ Եթե նախկինում Եռաբլուրում ծնողներին քարշ տային, կին պատգամավորի նկատմամբ բռնի ուժ կիրառեինք, եթե մեր ժամանակ ԱԺ նիստը վարելիս՝ ուժայիններ ներս կանչեի, որ ընդդիմադիրներին դուրս տանեին, ինձ ի՞նչ կանեին… Իրավական բեսպրեդել է։ Ինչի Մամիկոն Ասլանյանը երկու տարի ինչի՞ է նստած, Նարեկ Մալյանն ինչի՞ է նստած։ Նիկոլը Հայաստանը մի կողմից դարձրել է մեծ գերեզմանատուն, մյուս կողմից՝ մեծ բանտ։
Կա կարծիք, ու դա հրապարակային հնչեցվել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Նիկոլի պասով է այնտեղ։ Բացի դրանից, նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց՝ իսկ Երևանում ուրախ կլինե՞ն, որ այդ մարդիկ վերադառնան։ Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողան տրիոն պարում է տանգո в троем։ Եթե այդ պարը շարունակվի հայ ժողովրդի վրա, 2025թ․Ամանորին, Աստված մի արասցե, բայց մենք կարող ենք լսել մոլլայի ելույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սաթիկ Սեյրանյան
168.am