Տարածաշրջանում գործոն համարվող բանակի ողնաշարը Նիկոլ Փաշինյանը կոտրեց, անվտանգությունը փոխեց ելակի հետ. Հենրիխ Դանիելյան
Հայաստանի մարզեր կատարած այցերի ժամանակ մեր հայրենակիցների բարձրաձայնած խնդիրները վելուծելով, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում չունի աջակցություն։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները նույնպես փաստեցին, որ իշխանությունը պարտվեց Երևանում։ Մեր մարզային այցերը ցույց են տալիս, որ ոչ մի մարզում Փաշինյանը չունի մեծամասնություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Հանդիպումների ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերի և գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին նրանց գնահատականների հիման վրա երիտասարդ քաղաքական գործիչը հանգել է եզրակացության, որ ժողովուրդը բացահայտել և աստիճանաբար ավելի է բացահայտում Նիկոլ Փաշինյանի այն ստերը, որոնք նա տարածելով՝ զավթել է իշխանությունը։
«Այցերի ժամանակ բարձրաձայնած գլխավոր խնդիրն անվտանգության խնդիրն է: Այսօր մեր հայրենակիցներն անվտանգ չեն ապրում, վախի մթնոլորտում են ապրում, չեն կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։ Մենք տեսել ենք, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա, կա ապագա» սկզբունքը, տեսանք, որ դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը, հարյուրավոր երիտասարդների, տարածքներ և այսօր էլ կանգնած ենք նոր տարածքներ կորցնելու խնդրի առջև՝ արդեն ՀՀ-ում։
Բնակիչները մեզ պահանջ են ներկայացնում՝ օր առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից և իր դավադիր խմբակից։
Մարզերում բնակիչների հետ այդ շփումները տալիս են կարևոր մի բան՝ մեր քաղաքացիների հստակ պատկերացումները Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվող օղակի վերաբերյալ։ Սահմանամերձ շրջաններում ապրելը գրեթե անհնար է, քանի որ սահմանն այնքան անապահով է դարձել։ Բայց պետք է փաստեմ, որ կանգնած ենք կոլապսի առաջ, թե ֆինանսատնտեսական, և թե անվտանգային։ Մեր երկրի ղեկավարությունն այսօր փոխել է անվտանգությունն ինչ-որ պատրանքների հետ, թրքահպատակ ու ալիևյան ծրագրերի՝ խաղաղության օրակարգի հետ։ Սակայն խաղաղության օրակարգ ու խաղաղության խաչմերուկ գոյություն չունեն։ Պետք է փաստենք մի կարևոր խնդիր, որին բախվել ենք՝ խաղաղության պայմանագիր ասվածը մենք տեսել ենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի օրինակով , որն Ադրբեջանի կողմից չի կատարվել։ Մենք ինչի՞ վրա պետք է վստահ լինենք, որ սա կատարվելու է»,- նշեց Հենրիխ Դանիելյանը։
Նրա բնորոշմամբ՝ նախկին իշխանությունների օրոք 2016 թվականի քառօրյայից հետո բոլորն էլ տեսան, թե ինչ հաղթանակներ գրանցեցին դիվանագիտական դաշտում։ Այս ամենն էլ ստիպում էին Ալիևին, որպեսզի նա հայտարարի, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Այս ամենը եղել է այն ճիշտ դիվանագիտության արդյունքում, որը 2008-2018 թվականներին վարել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հայկական բանակին բերել է «Իսկանդեր», 50 հազար տոննա սպառազինություն, 100 և 200 մլն դոլարների պայմանագրեր, և ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանը կարողանում էր ապահովել իր երկրի անվտանգությունը՝ ՀՀ-ում ու Արցախում անդորր էր։ Կար խաղաղություն, մեր երկրի խաղաղությունն ապահովագրում էինք ճիշտ բանակցություններով և հզոր բանակով։ Բանակ, որը տարածաշրջանում համարվում էր գործոն, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով բանակի ողնաշարը կոտրված է, իսկ անվտանգությունը նա փոխեց ելակի հետ։
Այսօր քաղաքացիներն ասում են, որ նախկինում անվտանգ էին ապրում, չէին մտածում, թե վաղն իրենց ինչ է սպասվելու, իսկ այսօր չունեն նման հնարավորություն։
Երիտասարդների հետ քննարկումների արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգման, որ մինչև 2018 թվականը ոչ մի երիտասարդ երբևէ չէր լսում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքով այսօր կյանքի է կոչվում»,- շեշտեց Հ. Դանիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան
168.am