“Հարսնաքար”-ի գործով կա 5 ձերբակալված. սեփականատերը մտահոգ է
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասացին, որ չեն կարող նշել, թե ովքեր են ձերբակալվել “Հարսնաքար”-ի գործով, սակայն նրանց թիվը արդեն հասնում է 5-ի: Պաշտոնապես հրապարակվել է միայն անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանի անունը:
“Փաստինֆո”-ն տեղեկացնում է, որ ձերբակալվել է համալիրի մենեջերը, մատուցող Դավիթ Ադամյանը, անվտանգության աշխատակից Արթուր Բաբլոյանը:
Հարուցված է քրեական գործ` ՀՀ քրօրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ՝ մի խումբ անձանց կողմից կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող “Հարսանաքար” ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի եւ կլիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակները բժիշկները նույնպես ծանր են գնահատվում:
Երեկ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Երեւանի Ավան համայնքում գտնվող “Հարսնաքար” ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Գործը, ըստ ըստ քննչական ենթակայության, ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Գործը ոստիկանություն վերադարձնելը, Henaran.am-ի տեղեկություններով, անհանգստացրել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան խոստացել էին գործին ծանրացուցիչ հանգամանքներ չկցել եւ “մարդավարի” փակել գործը:
Այնուամենայնիվ Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, երեկ տարածել է հայտարարություն, որով նա դատապարտում է միջադեպն ու հավաստիացնում, որ մեղավորները պատժվելու են: