Երբ գործը հասնի մեզ այդ 29,8 հազար կիլոմետրից քշելուն. Առավոտ
Նրանք, ովքեր իշխանությունների քարոզչության ազդեցության տակ ասում են՝ մենք ի՞նչ գործ ունենք ղարաբաղցիների հետ, թող նրանք իրենց հարցերը լուծեն, այդ մարդիկ ոչ միայն պետական մտածելակերպ չունեն, նրանք չունեն որեւէ մտածելակերպ, եւ ավելին՝ ինքնապաշտպանության բնազդ: Այդ մարդկանց կարելի է հարցնել՝ իսկ մենք ի՞նչ գործ ունենք Արեւմտյան Հայաստանում ավելի քան հարյուր տարի առաջ զոհված հայերի հետ: Ինչո՞ւ ենք ամեն տարի ապրիլի 24-ին գնում Ծիծեռնակաբերդ: Ի՞նչ գործ ունենք Սումգայիթում եւ Բաքվում խոշտանգված հայերի հետ: Չէ՞ որ այդ ամենը ուրիշ պետություններում էր տեղի ունենում: Իսկ մերը 29,8 հազար քառակուսի կիլոմետրն է: Երբ գործը հասնի մեզ այդ 29,8 հազար կիլոմետրից քշելուն (իսկ եթե այսպես շարունակվի՝ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ Ջերմուկը, Շորժան եւ մնացածը՝ վկա), ապա մենք կգնանք մեր բարեկամների մոտ՝ ռուսաստաններ կամ ամերիկաներ, ու ինչ-որ մի տեղ Չելյաբինսկում կամ Գլենդեյլում կբացենք «Երեւան» եւ «Գյումրի» անուններով քյաբաբնոցներ:
Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 1988 թվականին որեւէ մեկի լեզուն պտտվեր հարցնելու՝ մենք ի՞նչ գործ ունենք: Նման մոտեցումը ոչ մեկի համար ընդունելի չէր լինի: Կենտկոմի առաջին քարտուղարից մինչեւ Ազատության հրապարակում թափառող տարօրինակ կերպարները՝ ամեն մեկն իր ձեւով, իր պատկերացումների շրջանակներում, նույն բանն էր ասում՝ Արցախը մեր կյանքի մասն է, մենք պատասխանատու ենք այնտեղ ապրող հայրենակիցների կյանքի, առողջության, բարեկեցության համար: Ես շարունակում եմ այդպես մտածել: Շատերն այս 34 տարում մտքափոխ եղան: Շատերն էլ՝ նոր սերունդներից, նույնպես տեղավորվեցին այսօրվա «մենք դրա հետ գործ չունենք» պաշտոնական դոկտրինի մեջ: Ինձ երբեմն հարցնում են՝ բա ի՞նչ անենք: Ընդհանրական ձեւով դրված այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Կառավարությունը, քաղաքական գործիչները, պատգամավորները՝ ամեն մեկն իր անելիքն ունի: Այլ զբաղմունքի, այլ մասնագիտությունների մարդիկ՝ իրենցը: Որպես լրագրող՝ ես իմ անելիքը պատկերացնում եմ (եթե հետաքրքիր է՝ մի առիթով կպատմեմ):
Արամ Աբրահամյան