Ոճիր եւ թավիշ. 168. Ժամ
Քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, Հայաստանում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները։ Հայկական իրավական համակարգում, մի խոսքով, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։
Սա մի կողմից՝ կարելի է համարել իրավական, օրենսդրական դաշտի չկայացվածության արդյունք, մյուս կողմից՝ սակայն, խնդիրն ավելի ընդգրկուն է, դուրս է նորմատիվային դաշտից և հանգում է ընդհուպ երկրում, հանրային կյանքում բարոյականության, բարոյական իմպերատիվների լինելիությանն առհասարակ։ Իրավական համակարգում բարոյական վնասի ինստիտուտի գործառնականությունը, ի թիվս այլ աղբյուրների, բխում է նաև հանրային հարաբերություններում տիրապետող արժեքային համակարգից։ Հասարակությունում, որտեղ արժեբանական նորմերը մեծ հաշվով հանգում են նյութականի գերակայությանը, որտեղ փողը վեր է ամենայնից, բարոյական վնասի մասին խոսակցությունն իսկ կարող է անբարոյականություն համարվել։ Դա մեծապես բխում է գործող իշխանության շահերից, քանի որ վերջինիս գաղափարական, արժեբանական հիմքը լայն իմաստով տգիտությունն է ու դրանից ածանցվող գաղափարների ու արժեքների բացակայությունը։
Իշխանությունը, ահա, առաջնորդվում է այն սկզբունքով, որ հնարավոր չէ ոտնահարել այն, ինչը գոյություն չունի, որովհետև եթե չկան բարոյական, ոչ նյութական արժեքներ, ապա չի կարող խոսք լինել դրանց խախտման և որպես հետևանք՝ բարոյական վնասի փոխհատուցման մասին։ Իրականում, սակայն, քաղաքացիների, հանրության ոչ նյութական արժեքները ոտնահարվում են նաև ու անգամ այն դեպքում, երբ վերջինները չեն գիտակցում դա։ Իսկ դա նշանակում է, որ երբևէ Հայաստանի, Արցախի քաղաքացիներին հասցված բարոյական վնասի փոխհատուցումը կարող է և պետք է դառնա նախ՝ հանրային պահանջ, ապա նաև՝ քրեաիրավական վարույթի առարկա։
44–օրյա պատերազմում զոհվել են առնվազն 5000 քաղաքացիներ, այս տարվա սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ 200-ից ավելի զինծառայողներ, տասնյակ զինվորներ գտնվում են գերության մեջ, հարյուրավոր ընտանիքներ զրկվել են կացարանից։ Այս բոլոր դեպքերը՝ առանձին-առանձին և հավաքականորեն, քաղաքացիներին պատճառել են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական վնաս, որի փոխհատուցման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում։ Բայց լռությունը չի փոխհատուցում բարոյական վնասը, ինչպես և մոռացությունը չի նշանակում ներում։
Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության կողմից հայ հասարակությանը, բացի ֆիզիկականից, պատճառվել է նաև տիեզերական մասշտաբի բարոյական վնաս, որը նա չի կարողանալու փոխհատուցել անգամ աշխարհի բոլոր կառավարությունների պարգևավճարները յուրացնելու կամ երկրագնդի բոլոր ճանապարհների ասֆալտների տենդերները շահելու դեպքում։
Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, գիտակցում է դա, և հենց դրանով է պայմանավորված հանրային բարոյականությունը հետևողականորեն աղճատելու հարցում նրա ցուցաբերած նախանձախնդրությունը։ Նա ամեն ինչ անում է հանրային համակեցության նորմերը խախտելու, հասարակական բարոյականության նշաձողը, սովորության հանգույն, առավելագույնս իջեցնելու համար, որպեսզի երբևէ, իր գործողությունների ու անգործության արդյունքում հասարակությանը պատճառած բարոյական վնասի փոխհատուցման պահանջի հնչեցման դեպքում, հղում անի նույն հանրության անբարոյականությանը և արդարանա, որ բարոյականություն չունեցող հասարակությունը չի կարող բարոյական վնասի փոխհատուցում պահանջել։
Նաև դա է Հանրապետության հրապարակի անպարկեշտ լուսավորության ու ճոխության, թարմ շիրիմներից լսվող հրավառությունների ու անթաղ մարմիններ ունեցողների հարևանների ամանորյա ուրախությունների կազմակերպման հարցում նրա թաքնված դրդապատճառը։
Առջևում կլինեն նոր խրախճանքներ։
Հարություն Ավետիսյան