“Ժառանգության” բազմաչարչար տիկնոջ արկածները. քաղնախաձեռնություն
“Վերահսկողական Քաղացիական Նախաձեռնություն”-ը լրատվամիջոցներին ուղարկել հաղորդագրություն` կապված Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության հետ:
“Երեկ ազգի մասին մտահոգ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սեփական PR ակցիայի շրջանակներում, զավթել էր ԱԺ ամբիոնն ու խորհուրդ էր տալիս կրճատել պետբյուջեի հաշվին արվող տարբեր անհարկի ծախսերը եւ այդ գումարով ավելացնել ժողովրդի նվազագույն աշխատավարձը:
Այն, որ սահմանված նվազագույն աշխատավարձը ուղղակի ծաղր է ժողովրդի հասցեին դա այլ քննարկման հարց է: Սակայն, չգիտես ինչու, “Ժառանգության” բազմաչարչար տիկինը չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ “կռուիզների” ծախսերը եւ ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակիրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, եւ այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ավելին, պարզվում է տիկին Փոստանջյանը խորհրդարանի միակ պատգամավորն է, որը պետական բյուջեի հաշվին մեկնում է ոչ միայն տարբեր կարեւոր ու անկարեւոր վեհաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, եւ կլոր սեղանների, այլեւ Հայաստանի պետական բյուջեն վճարում է նաեւ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ծախսերը:
Մասնավորապես, մեր ձեռքի տակ է կարգադրություն, ըստ որի Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ողջ ծախսերը` ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ, այդ ամենը ժողովրդի, այն է մեր հարկատուների հաշվին է եւ վճարված է պետբյուջեից: Իսկ “Ժառանգության” տիկինը, ի դեպ, մեկնել էր Փարիզ ոչ թե ինչ-որ ազգափրկիչ Վեհաժողովի մասնակցելու, այլ ընդամենն իր քաղաքական խմբի ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցելու համար եւ կարգադրության մեջ հենց այդպես էլ նշված է:
Ի դեպ, մեր տեղեկություններով նա տարբեր կարգի շանտաժներով ուղղակի պարտադրում է, որ ԱԺ աշխատակազմը վճարի իր այդօրինակ “կայֆերը”: Իսկ թե ինչ կարգի շանտաժների է նա դիմում այդ մասին հաջորդ նյութում”,-ասված է հաղորդագրությունում: