Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
“Հարգելի պարոն Նախագահ,
Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը:
Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների եւ ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:
Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաեւ Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը եւ հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգեւների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված եւ իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում:
Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց “ցեղասպանություն” եզրույթը, եւ դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի եւ Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար:
Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլեւ ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության մասին հիշեցնող խաղաղության եւ բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը եւ բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաեւ համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա:
Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը եւ տարեցտարի “կատարելագործելով” պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչեւ հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարեւոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարեւան ազգերի միջեւ մերձեցման եւ հետագա համագործակցության համար:
Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու”: