Ով խախտեց վատ է վերջացնելու. Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ 2022թ. մարտի 22-ի Ազգային ժողովի նիստում
1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակ։
Բնականաբար լարվածություն էր Երեւանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։
35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։
Եվ ի՞նչ տեղի ունեցավ։
1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։
Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը… Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։
Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։
Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։
Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։
Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու։