Ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ՝ կանխվեր․ Տիգրան Աբրահամյան
Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։
Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։
Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։
Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են»։