Իր մասին վատ լուրեր տարածող տաքսիստին Լալան ծանր մարմնական վնասվածք է հասցրել սանրով.Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվում է Լալա Ավետիսյանի գործի դատական քննությունը: 36-ամյա Լալան մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Լալան անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Նորքի 4 –րդ զանգվածի Բակունցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկին կից գործող վարսավիրանոցի մոտ, ապա վարսավիրանոցի ներսում վիճաբանել է իր ծանոթ տաքսիստ Արթուր Ա.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Լալա Ավետիսյանը Արթուրի առողջությանը ծանր վնաս է պատճառել: Աշխատանքային գործիք սանրը Լալան գործադրել է որպես սուր կտրող-ծակող գործիք, որով հարվածել ու վնասել է Արթուրին:
Լալայի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մոտ մեկ ամիս առաջ խափանման միջոցը փոփոխվել է, կիրառվել է գրավ, ու Լալան ազատվել է կալանքից:
Ըստ ամբաստանյալի՝ վիճաբանությունն իր և ծանոթ տաքսիստի միջև եղել է այն պատճառով, որ այդ տաքսիստն իր հասցեին արատավորող տեղեկություններ է տարածել: Ինքը պարզել է այդ հանգամանքը, փորձել է պարզաբանել հենց Արթուրի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: