Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Գորիսի բնակիչները պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես գրված է. “Հարգելի պ-ն Սարգսյան, ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է աշխատանքից ազատել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանին: Խնդրում ենք Ձեզ, թույլ չտալ, որպեսզի հազարավոր կյանքեր փրկած բժիշկը բռնի արտագաղթի ճամփան:
Կից ներկայացնում ենք Ամիրյանի կենսագրությունը:
Սլավիկ Սուրենի Ամիրյանը ծնվել է 1956թ. Գորիս քաղաքում: 1973թ. ոսկե մեդալով ավարտել է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1979թ., ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում: Նույն տարի գործուղվել է աշխատանքի Գորիսի շրջանային կենտրոնական հիվանդանոց, ուր աշխատում է առ այսօր: 1983թ ընդունվել եւ 1985թ ավարտել է կլինիկական օրդինատուրան Երեւանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում:
1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզը վիրաբուժությունից` նվիրված թարախային վերքերի ժամանակակից բուժման հարցերին: 1988թ. դեկտեմբերին վեց ամսով գործուղվել է Լենինական, ուր ղեկավարել է երկրաշարժի հետեւանքով տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկների խումբը: 1990թ. Ս.Ս. Ամիրյանը ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհդի պատգամավոր: 1991թ.-ից նա Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկն է:
Արցախյան հակամարտության առաջին օրերից Ս.Ս. Ամիրյանը հանդիսանում է Սյունիքի տարածաշրջանի գլխավոր վիրաբույժը, 1993թ-ից Սյունիքի անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրենը եւ տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության պետը: Անձնվեր հայրենասիրության, մարդասիրության եւ վիրաբույժի բարձր մասնագիտական եւ կազմակերպչական ունակությունների շնորհիվ Ամիրյանի ղեկավարած հիվանդանոցը Արցախյան պատերազմի ժամանակ փայլուն կերպով կազմակերպել է անհետաձգելի բուժօգնությունը ռազմական գործողությունների օջախում, փրկելով հազարավոր հիվանդների եւ վիրավորների կյանքը, իրականացրել վերջիններիս տեսակավորում եւ տարահանում կլինիկական բազաներ:
Հակամարտության ընթացքում միայն Ամիրյանի կողմից կատարվել է 4800-ից ավելի վիրահատություններ: Գորիսի հիվանդանոցը հումանիտար միջանցքի բացումից հետո կազմակերպել է ազատագրված տարածքներում բուժօգնության ծառայությունների ստեղծումը, հանդերձավորումը եւ բուժօգնության կազմակերպումը:
Պատերազմական գործողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի զինվորներին բժշկական օգնությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար Ամիրյանը պարգեւատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարի, Գերագույն շտաբի պատվոգրերով, իսկ 1994թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի “Գիր գնահատանքին”:
1998թ. հունվարին Ամիրյանը պաշտպանել է դոկտորական թեզը “Հրազենային վնասվածքների բուժումը եւ բուժօգնությանը կազմակերպումը տեղային ռազմական ընդհարումների ժամանակ” թեմայով, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմաբժշկության առաջին հիմնարար գործը եւ ամփոփում է հրազենային վնասվածքների բուժման եւ կազմակերպման վերաբերյալ արդի բժշկական պատմության փաստացի կուտակված նյութը Արցախյան հակամարտության ժամանակ:
Ամիրյանը հանդիսանում է ՀՀ բժշկակական գիտությունների, Ռուսաստանի բնական գիտությունների, Բնության եւ հասարակության մասին Միջազգային գիտությունների, Եվրոպայի բնական գիտությունների, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիաների իսկական անդամ: Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:
Բժշկագիտության եւ առողջապահության զարգացման գործում ցուցաբերած ակնառու աշխատանքների համար Ամիրյանը պարգեւատրվել է Պավլովի անվան արծաթե մեդալով, Վերնանդսկու, Էռլիխի, Վիրխովի անվան մեդալներով:”Հայկական վիրաբուժության XXI դար” ասոցիացիայի մեծ խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանողներին բժշկական օգնություն կազմակերպելու եւ իրականացնելու համար Ամիրյանը պարգեւատրվել է “Մխիթար Հերացի”,”Մարշալ Բաղրամյան”, “ ՙԾովակալ Իսակով”,”Գարեգին Նժդեհ”, “Դրաստամատ Կանայան”, “Զինվորական գործողությունների մասնակից”, “Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին” մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, 2005թ. արժանացել է “Կոչում” մրցանակին: Նա 130-ից ավելի գիտական աշխատությունների եւ մենագրությունների հեղինակ է”: