Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով
Նոյեմբերի 24-ին Փարիզում, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո, անցկացվեց ՛՛Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները՛՛ խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:
Համաժողովի հիմնական նպատակն է բացահայտել հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունների նոր հնարավորությունները, նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը:
Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացի գործարարների համար առկա հնարավորությունները:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք ՛՛կլոր սեղաններ՛՛ տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն:
Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, հայ և ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական և ֆրանսիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: