06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի՝ դուրս գալու նաև այս փորձությունից․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։

Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և արի ոգով ու միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։

Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի։

Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Սակայն, հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտմանը։

Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ