Թավշյա «հեղափոխությունից» տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոն
Թավշյա «հեղափոխությունից» տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոն, ՀԿ
Կենտրոնը հայտարարում է բարեգործական հիմունքներով անվճար ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին՝ «թավշյա» կախվածությունից ձերբազատվելու, իրական կյանք մտնելու և ինքնուրույն վերլուծելու ու փաստեր համադրելու կարողություններ զարգացնելու գործում։
Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները․
– «դուխով», «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական», «ժողովուրդ ջան», «ըստ էության», «ուրեմն կեցցե», «հպարտ» բառերից ու բառակապակցություններից առկա կախվածության աստիճանական վերացում,
– բացատրական աշխատանք տարբեր լեզուներով՜ «հայկական թավիշի» ու «ժողովրդավարական շարժման» անհամատեղելիության շուրջ, հատկապես սփյուռքահայ որոշ գիտաքարոզչական շրջանակների համար։ Կենտրոնի սփյուռքյան գործընկերն է «Այլևս դա չեմ անի» շարժման համադրող Զորյան ինստիտուտը, Կանադա
– Հատուկ հոգեթերապևտիկ կուրս «Ինչպե՞ս և ինչու՞ զավթեցին Ծիծեռնակաբերդը» թեմայով՝ առավել ծանր կախվածության մեջ հայտնված մեր հայրենակիցների համար։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կենտրոնի աշխատակիցների ու հաճախորդների հարցերին կպատասխանեն ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի և Հրանուշ Խառատյանի հոլոգրաֆիկ կերպարները, քանի որ վերջիններս իրական կյանքում հրաժարվում են առերեսումից։
Առկա է նաև սինխրոն թարգմանություն՝ հայերենին չտիրապետող մեր հայրենակիցների համար։
– Կուրսերի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվելու՝ այդ թվում թմրաքունը (հիպնոս)։
– Կենտրոնի մատուցած ծառայությունների մեջ է մտնում նաև «Ինչպես ես հասկացա ամեն ինչ» խորագրով ինտերակտիվ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը, (տևողությունը՝ 5 րոպե), որի ընթացքում մեր հաճախորդները կծանոթանան «թավիշը» կազմակերպած անձանց կենսագրական առանձնահատկություններին, նրանց արտաքինի փոխակերպման և զանգվածների վրա դրա հոգեբանական ներգործության մանրամասնություններին։
– «Իմ թշի թավիշն ու հոգուս վիշտը» խորագրով նկարչական թերապևտիկ միջոցառումը կոչված է հաճախորդների ենթագիտակցությունից դուրս մղել 2018 թ․ ապրիլ-մայիսյան հոգեցնցումների դրվագները, Գեղարքունիքի մարզից բերված հեղափոխական ԿԱՄԱԶ-ների պատկերները փոխարինելով ապագայի մասին դրական պատկերացումներով։
– «Ծխում ենք ինչ պատահի» հատուկ կուրսը նեղ շալվար և բարակ փողկապ կրող մորուքավոր երիտասարդների համար է, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել՝ թավշյա կախվածությունից ազատվելուց հետո:
– «Իմ թավիշը քո թավիշին վնաս է» կուրսը ժողովրդական բժշկության միջոցների կիրառմամբ հանելու է «թավշյա» թուղթ ու գիրն ու սև մոգության հետ կապված այլ վնասակար հոգեբանական ներգործությունները։
– Կկազմակերպվի հատուկ հոգեբուժիչ ճանապարհորդություն՝ «Իմ մետրոն» և «Իմ հեծանիվը» խորագրերի ներքո, որի ընթացքում առողջացող հաճախորդները կհասկանան, որ մետրոն ու հեծանիվն ընդամենը փախադրամիջոցներ են, այլ ոչ թե «թավշյա» քարոզչամիջոցներ։
– Կենտրոնի հատուկ բուժիչ կուրսերն անցած հաճախորդները կստանան ավարտական վկայականներ՝ «Հմտացած հակաթավիշ» սերտիֆիկացմամբ, ազգաբնակչության շրջանում հոգեբանական առողջացման աշխատանքներ իրականացնելու համար։