23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

…Մնացածը քաղաքացիների որոշելիքն է. Առավոտ

Պատկերացրեք այսպիսի վիճակ: Պաշտպանության նախարարություն է գալիս գերագույն հրամանատարը, որը բացարձակապես ոչինչ չի հասկանում ռազմական գործից եւ իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե պետության անվտանգության շահերով, ոչ էլ անգամ պարզ տրամաբանությամբ, այլ միմիայն՝ սեփական ամբիցիաներով ու ֆանտազիաներով եւ PR ակցիաներ անցկացնելու ձգտումով: Նա խորհրդակցություն է անցկացնում հրամկազմի հետ, որի ընթացքում հրամայում է. «Վաղը բոլորդ վերցնում եք ջրային ատրճանակները, գնում եք Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը եւ այնտեղ կրակում եք հակառակորդի ուղղությամբ»:

Ի՞նչ պետք է անեն գեներալները. ա/ դուրս անեն սենյակից նման հրամանատարին, բ/ հայտարարեն, որ այդ հրամանը չեն կատարելու, գ/ լուրջ դեմքով գլուխները տմբտմբացնեն, «չեստ տան» եւ կատարեն հրամանը՝ բնականաբար, վարչապետի տեսախցիկների առաջ:

Առաջին երկու դեպքում նրանք կխախտեն օրենքը եւ գուցե մեղադրվեն ռազմական հեղաշրջման մեջ: Երրորդ դեպքում նրանք կվարկաբեկվեն հանրության աչքում եւ կվտանգեն մեր անվտանգությունը: (Ի դեպ, շատ հնարավոր է, որ պատերազմի ժամանակ նրանք ստիպված նման անհեթեթ հրամաններ են կատարել, իսկ հիմա, ըստ իշխանության վարկածի, ամեն ինչում բանակն է մեղավոր): Այս պայմաններում գեներալների համար միակ արժանապատիվ եւ օրինական ելքն է հրաժարական տալը, իսկ հետո հասարակությանը դիմելը՝ «սիրելի հայրենակիցներ, գերագույն հրամանատարը ադեկվատ չէ, նրա հրամաններն անհեթեթ են, նրա՝ պաշտոնում մնալը սպառնալիք է ազգային անվտանգության համար»:

Մոտավորապես, ժամանակին այդպես է վարվել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Ցանկացած բանական մարդու համար «սատանաներին բռնելու» տիպի հրամանները վիրավորական են, եւ այդպես են մտածում նաեւ նույն կառույցի մի շարք այլ, բնականաբար, նախկին դարձած ղեկավարներ:

ԱԱԾ ներկայիս պետը, հակառակը՝ «ֆեյքեր բռնելու» հրահանգը վիրավորական չի համարում եւ հաճույքով այն կատարում է: Դառնանք բանակի հրամկազմին: Այդ մարդիկ, առանց հրաժարական տալու, իրենց անվստահությունը հայտնեցին վարչապետին, ինչը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ ուղերձ հասարակությանը: Իշխանությունը նրանց մեղադրեց քաղաքականությանը խառնվելու, ընդդիմությունը՝ անվճռականության մեջ: Արդյունքում գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալը հեռացվեցին, մնացածը դիմացան ստորացմանը: Բայց առավել կարեւոր հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս վարվել, եթե պետության ղեկավարն ադեկվատ չէ, բայց քաղաքացիների մեծ մասը գոհ է նրա կառավարումից, համակրում է նրան եւ չի ցանկանում, որ նա փոխվի, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա մեր պետության համար:

Արժե դա, համենայնդեպս, ստուգել՝ ընտրություններ անցկացնելու միջոցով: Եթե այդ առաջնորդն իսկապես վայելում է քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, ապա մեղքը հենց այդ քաղաքացիներինն է: Գեներալներն այդ հարցում ոչնչով չեն կարող օգնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ