«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել․ econews.am
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։
Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։
Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնեց նա։
Սահակյանը նշեց, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։ «Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,– ընդգծեց նա։ ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը: