Այս ապաշնորհ իշխանությանը ուզում ես Իսկանդեր, ուզում ես՝ ատոմային զենք տուր՝ նա դա օգտագործելու է իր իսկ պետության շահերի դեմ. Արտակ Զաքարյան
Պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցերի առնչությամբ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների շուրջ ArmDaily.am-ը զրուցել է Արտակ Զաքարյանի հետ, ով 2017-18 թթ-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
-Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ներկայացրած 2018-24 թթ-ի ՊՆ գնումների պլանին, ասաց, որ իրենք ադ պլանում որևէ փոփոխություն չեն իրականացրել։ Ի վերջո, այդ պլանը գոյություն ունեցե՞լ է։
– Դե, ինչի նո՞ր է ստում, ստելը արդեն իր համար նորմալ երևույթ է, դրա վրա զարմանալ պետք չէ։
-Իսկանդերի չպայթելու կամ 10 տոկոս պայթելու մասին հայտարարությունը լայնորեն քննարկվում է արդեն ոչ միայն հայկական մամուլում։ Առհասարակ, հնարավո՞ր է, որ այդ հրթիռը չպայթի կամ պայթի միայն 10 տոկոսով։
-Ես Իսկանդերի մասնագետ չեմ, բայց կարող եմ դրա քաղաքական բացատրությունը տալ, նախ՝ ես չեմ կարծում, որ նման բան եղել է և չեմ հասկանում, թե ինչ է նկատի ունեցել դա ասելով։ Հասկանում եմ, որ դրանով ցանկություն ունի նախորդ իշխանություններին իր պատկերացրած ևս մեկ անհիմն ու կասկածելի մեղադրանքը ներկայացնել, բայց ուղղակի չի հասկանում, որ նման սուտ ասելով՝ փչացնում է հայ-ռուսական ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական հարաբերությունները, բացի այդ՝ հիմա ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանաթուրքական մամուլն է ուղղակի ծաղրում Նիկոլին ու նաև արևմտյան մամուլն է կրակի վրա յուղ լցնում՝ կասկածի տակ դնելով ռուսական տակտիկական նշանակության այնպիսի օպերատիվ մարտավարական զենքը, ինչպիսին Իսկանդերն է։ Այս ապաշնորհ իշխանությանը ուզում ես Իսկանդեր, ուզում ես՝ ատոմային զենք տուր՝ նա այնքան ապաշնորհ է, որ այդ ամենն օգտագործում է իր իսկ պետության շահերի դեմ։ Ցավոք, միջազգային սկանդալի թեմա դարձրեց, մենք, որ ասում ենք, նրա մեկ օր շուտ հեռանալը փրկելու է Հայաստանը, մարդիկ երևի չեն պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր։ Այ, հենց այսպես էլ հնարավոր է։
-Թերևս, Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարար նշանակելը նկատի ունե՞ր:
-Դե, հո Լենա Նազարյանին չէր նշանակի կամ Անուշ Բեղլոյանին։ Նշանակել է ու խանգարել մինչև վերջ, բանակը դարձրել է սեփական PR-ի առարկա։
-Ենթատեքստ տեսնո՞ւմ եք նաև մատակարաման մասով Դավիթ Գալստյանի կողմից մատակարարումների պահպանումը։
-Դա ես չեմ մեկնաբանի, քանի որ նրա հետ կապված քրեական գործը ընթացքի մեջ է։ Համապատասխան մարմինները իրենք կմեկնաբանեն, եթե դրա կարիքը լինի։
-Պարոն Զաքարյան, դեռ 2018 թ-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայկական բանակի մասին, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակն են, երեկ խոսում էր այն մասին, որ իրենք Հայաստանում կործանել են միայն մեկ կայացած ինստիտուտ ու դա կոռուպցիան էր։ Հայկական բանակը կայացա՞ծ համակարգ էր, թե՞ ոչ։
-Մեր բանակն ամենակայացած համակարգն էր, բայց ապիկար իշխանություններին, եթե տաս լավագույն պետությունը, նրանք դա 2-3 տարվա ընթացքում կվերածեն ոչնչի, եթե ամենաչար երեխային ամենալավ խաղալիքը նվիրեք, տաք՝ միևնույն է, կոտրելու է։