Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ”:
Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ հեռանկարում:
Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է. “Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչեւ այս տարվա ավարտը կքքնարկվի նաեւ Անվտանգության խորհրդի նիստում: Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարեւորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաեւ մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով”:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը հավանության արժանացրեց Էներգետիկ անվտանգության հայեցակարգը եւ որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգության խորհուրդ հաստատման: