25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգևատրումները ենթակա են բռնագանձման բյուջեի օգտին․ Փաստ

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները: Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ: Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտագողի կերպով իբրև գտան «լուծումը», ինչն ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում:

Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը: Հետևանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով:

Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա՝ առանց իրենց անաշխատ պարգևատրումների ու ինքնապարգևատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը: Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգևատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ է: Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր:

Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝ – կենսաթոշակների և նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, և սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են, և հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը, – սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, և սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող և շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման և գնաճի հետևանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ և հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակցության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձևով չհիմնավորեցին պետական հատվածի 2021 թվականի պարգևատրման ֆոնդի թռիչքաձև աճը, բարձրաստիճան պաշտոնյաների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը: Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել և հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները և պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները: Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաև բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ և հակաօրինական պարգևատրումների հետ վերադարձը պետական բյուջե:

Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ: Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները և 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգևատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին: Գործող իրավակարգավորումներով ևս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյաների խնդրահարույց պարգևատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես. -«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում:

Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ: -ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ո՞ւր մնաց՝ պարգևատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը:

Թադեւոս Առաքելյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ