Անգլերենի լինգաֆոնային լսարան ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:
Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին եւ քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական եւ խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում:
Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ:
Ամերիկյան կողմը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի լաբորատորիաների դերը եւ դրանց ավելացումը:
Ամերիկյան անգլերենի ուսուցման նմանօրինակ լսարաններ ավելի վաղ բացվել են նաեւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում եւ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում: