Զինվորներին «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է» ասողը ձերբակալվել է. նա Ստեփանակերտի բնակիչ է. Վարչապետ
Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:
Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի», – գրել է վարչապետը։