Քաղաքական առաջնորդ գտնելու գաղտնիքն ու իշխանափոխությունը
Henaran.am-ի հետ հարցազրույցում քաղաքական ուսումնասիրությունների ”Վերելք” հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին, հասարակական տրամադրություններին, իշխանափոխության անելու պահանջի անհրաժեշտ լինել-չլինելուն:
–Պարոն Պեպանյան, հոկտեմբերի 10-ին նախատեսված է եռյակի հանրահավաքը: Հնարավո՞ր է, որ այն դառնա իշխանափոխության գործընթացի սկիզբ, թե այն կլինի հերթական հանրահավաքը:
-Երկրորդը. կլինի հերթական հանրահավաքը ու վերջ:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Միանշանանակ, այդպես է լինելու, որևէ հիմք չկա առաջիկայում դրա կողմ գնալու:
-Ինչո՞ւ, ռեսուրս չունեն, թե այլ խնդիր կա:
-Իրենք չեն կարողանում մեր ժողովրդի խնդիրը ճանաչել` որն է, խնդիրը չեն տեսնում և կյանքում չեն կարող այն լուծել, իրենք հետևանքների դեմ են պայքարում ու ավելի վատ է լինում, քանի որ խնդիրն ավելի է խորանում: Տեսեք` ինչքան շատ են պայքարում, այնքան մեր երկրի վիճակը վատ է լինում, չէ՞: Սխալ բան են անում, հետևանքների դեմ են կռվում: Այդ քաղաքական ուժերի մեջ ես չեմ տեսնում այն մտքի փայլատակումները, որ կարողանան պռոբլեմը տեսնեն ու լուծումը գտնեն, իսկ այդ դեպքում ամեն շարժումը վտանգավոր է:
–Հասարակությունը հոգնե՞լ է, թե էլի կգնա այդ ուժերի հետևից:
-Ճիշտ կանի, որ չգնա ընդհանրապես, հոգնել էլ է, որովհետև առաջնորդներ են եկել այս 25 տարիների ընթացքում, ասել են` մենք գիտենք որն է, արի մեր հետևից, հասարակությունն էլ գնացել է իրենց հետևից ու հուսալքվել է: Հասարակությունն էլ է մեղավոր, մենք սովորաբար ընդդիմությանն ենք մեղադրում կամ ծաղրում, որ ինքը չկարողացավ, բայց նույն ժողովուրդն էլ է մեղավոր, որ չի կարողանում իսկական առաջնորդին տարբերել կեղծ առաջնորդից: Փոխանակ ինքը հարցեր տա ու պատասխաններն ստանա` այդ մարդու հեևից արժե գնալ, թե ոչ, ինքը հմայվածի պես ընկնում է հետևից: Պարզ է, որ ինքը պետք է հուսահատվի, ջախջախվի, իրենք այսօր ոչ մեկի հետ էլ հույս չեն կապում:
-Օրինակ` Դուք, այսօր տեսնո՞ւմ եք իսկական առաջնորդ:
-Նախքան իսկական առաջնորդ տեսնելը սովորաբար ժողովրդի էլիտան որ խնդիրներ է դնում իր առաջ, այդ խնդիրները պատասխանները գտնում է ու նաև գտնում է `ինչ է պետք անել, որ այդ պռոբլեմները լուծի, ու այդ ժամանակ առաջնորդը գալիս է: Դա 100-ի 90-ի դեպքում այդպես է լինում, իսկ մեկ-մեկ երբ որ բախտն էլ բերում է, Աստված կարող է մեկին ուղարկի, որ այդ բոլոր հարցերի պատասխանն ունի, բայց դա քիչ հավանական է: Հիմա ազգը պիտի իր ներսից ի հայտ բերի մտածող մարդիկ, ովքեր կարողանում են իրենց հարց տալ` լավ, ինչն է պատճառը, որ այս վիճակին ենք մենք, գտնի այդ հարցերի պատասխաններն ու նաև հարցեր տա, թե ինչպես են հաղթահարում, ուրիշներն ինչպես են հաղթահարել: Այդ ամեն ինչն համադրի ու լուծումների ուրվագիծ ունենա, այդ ժամանակ առաջնորդը կգա: Եթե չգիտենք` ինչ է պետք անել, առաջնորդը գա, ի՞նչ անի: Մեր խելքը չի հերիքում, որ հասկանանք, որ մեր պռոբլեմը որն է:
-Մեր խնդիրն իշխանափոխություն անելը չէ՞:
-Չէ, իշխանափոխությունը, գիտեք` ոնց է, այդ իշխանություններն ինչ-որ բանի հետևանք են, արգասիք են, դուք ձեզ հարց տվեք` ինչու մենք ունենք հենց այս իշխանությունը և չունենք ուրիշ իշխանություն: Որ անընդհատ տաք այդ հարցը` ինչու, ինչու, կգտնեք պատասխանը:
Ինչո՞ւ, ըստ Ձեզ:
-Այդ իշխանությունը մեր հոգու հայելին է, դուք ինչքան ուզում եք, քարեր շպրտեք նրանց վրա, ջարդեք, փշրեք, ինքը չի ջարդվում, քանի որ հայելի է, դա մենք ենք: Ինչի դեմ ենք կռվում, ես չեմ հասկանում:
–Ժողովուրդն արժանի է իր իշխանությանը, փաստորեն:
-Իշխանությունը մի բան էլ լավն է, ինքն ավելի վատը կարող էր լինել, հասարակությունն ամեն ինչ անում է, որ իշխանությունն ավելի վատը լինի:
–Ինչո՞ւ է մեր ժողովուրդն այդքան վատը, այդ որակի, ինչպես ներկայացնում եք:
-Ես միանշանակ չեմ ասում` ինքը վատն է, ինքն ունի շատ լավ, աստվածային գծեր, որոնք բնատուր են, ունի նաև վատ գծեր, որոնք ձեռքբերովի են, տարիների ընթացքում որպեսզի գոյությունն ապահովի, ինքը ձեռք է բերել այդ գծերը: Նույնիսկ Բայրոնն էր նկատել, որ կողքի մարդ էր, եկավ, նայեց, ասաց` ինչպես կարող է պատահել, որ մարդը մտավոր, հոգևոր աշխարհում նման վեհություն ունենա, սակայն կենցաղում իրեն պահի վայրենու պես:
Մարդը մտածեց ու եկավ այն մտքին, որ այդ լավ հատկանիշները աստվածաուր են, վատը ձեռքբերովի են: Մենք պիտի կարողանանք դրանք մեղմել ու մեր լավ հատկանիշներն առաջ բերենք: Մենք շատ հրաշալի ժողովուրդ ենք ու եթե կարողանանք մեր այդ լավ, հին արժեհամակարգի վրա պետություն սարքենք, հրաշալի է, այդպես առաջ է եղել: Հիմա մենք մի քիչ ցեխոտվել ենք, դա է հարցը, պիտի կարողանանք մաքրվել էլի, դա է պետք գտնել, ոչ թե իշխանությունների դեմ գրոհել: Գրոհելով դուք ավելի եք խթանում այդ ցեխոտվելը, իշխանություններին ագրեսիվացնում եք, ստիպում, որ ինքը գնա համագործակցության օլիգարխների, քրեածին տարրերի հետ, էլ ավելի վատն եք դարձնում իրենց: